ԵԼՔ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կիսում Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը, թե նա է եղել ԵԼՔ դաշինքի նախահայրն ու կնքահայրը. «Ի՞նչ կապ ունի Րաֆֆին ԵԼՔ-ի հետ: Երևի վատ երազ ա է տեսել: Դաշինքի սկզբնավորման նախնական փուլում մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր կուսակցությունների հետ և իրենց հետ համաձայնութան չեկանք: Սա է եղել ընդամենը և սա չի նշանակում, որ նա է եղել ԵԼՔ-ի նախահայրը»:

Լրագրողները Սասուն Միքայելյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում պատգամավորը «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը:

«Ես առաջինն եմ արձագանքել «Սասնա ծռերի» գործողություններին: Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռերի» համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»: 

Հարցին՝ հնարավո՞ր է համարում պատգամավորը երկրում հեղափոխությունը, վերջինս պատասխանեց. «Թավշյա հեղափոխություն պետք չէ, իշխանափոխություն է պետք, որի համար  հիմքեր է պետք ունենալ և անհրաժեշտ է գործուն պլան կազմել»:

Հարցին՝ ունի՞ ԵԼՔ դաշինքը նման պլան, պատգամավորը պատասխանեց. «Այո՛»:

Դիտարկմանը՝ ինչպես է վերաբերվում դաշինքը 2018 թվականից հետո ՀՀ վարչապետի փոփոխության հարցին, պատգամավորն արձագանքեց. «ես գրեթե համոզված եմ՝ վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը, եթե ոչ վարչապետ, ապա կլինի գենսեկը»: