Հայկական ռազմական մասնագիտացում ունեցող Razm.info կայքը պատրաստել է քարտեզ, որտեղ երևում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց հենակետերը տեղակայել են ադրբեջանական բնակավայրերի մոտ՝ այդտեղից սադրիչ գործողությունների դիմելով հայկական զինուժի նկատմամբ:

Հուլիսի 4-ի առավոտյան ժամերից հայկական դիրքերի ուղղությամբ սկսած ադրբեջանական կողմի զինված սադրանքին հաջորդել էին կրակոցները Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի կրակակետերից Արցախի պաշտպանության բանակի զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ: Դրանից հետո միայն հայկական կողմը պատասխան հարված է հասցրել գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետին:

Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում ունի երկու զոհ և մեկ վիրավոր:

Հատկանշական է, որ նույն ուղղությամբ ադրբեջանական բանակը սադրանքների է դիմել նաև նախկինում։ Օրինակ՝ նման սադրանքներից մեկից հետո Ալխանլի գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական հենակետերի նկատմամբ հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել 2015 թվականին։ Այդ գործողության տեսագրությունը նախկինում հրապարակվել էր ու մեկ անգամ ևս ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։