Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած գիշեր վերջնականապես քանդվեց Տերյան ստուդիան: Աննկատ, անաղմուկ, առանց հանրային դիմադրության ջնջվեց մեր քաղաքի պատմության կարեւոր եւս մի էջ: Երիտասարդներն անգամ չեն գիտակցել, թե ինչ բան էր Տերյան ստուդիան Երեւանի համար, այնպես որ դրա ոչնչացման դեմ պայքար չեղավ, ինչպես, ասենք, կողքի Աֆրիկյանների շենքի համար, որն այնուամենայնիվ քանդեցին:

Չխոսեմ այն մասին, թե ինչ եւ ով է ձայնագրվել Տերյանի փողոցի վրա այդ առասպելական ստուդիայում, այդ մասին ինձնից լավ կխոսի, օրինակ Տիգրան Սիրավյանը, եթե ցանկանա: Ասեմ միայն, որ Տերյան ստուդիան՝ «Հայֆիլմի» օրրանն է: Այնտեղ էր սկսվում հայկական կինոն: Դա սրբություն էր, ուստի դրա քանդումը սրբապղծություն է:

Փելեշյանն ասաց մի անգամ՝ «Մեր կինոն վերջացավ, երբ Երեւանից այն աքսորեցին Աշտարակ, հայկական կինոն վերջնականապես դարձավ գյուղական»: Վարպետն այդպես էր անվանել աշտարակյան ճանապարհին կառուցված նոր «Հայֆիլմը», որը 2005-ին վաճառեցին քաղաքապետարանի պարտքի դիիմաց՝ 600 հազ. դոլար զավեշտալի գումարով: Հիմա, երբ ոչնչացվեց նաեւ մեծ «Հայֆիլմը», խոսել Տերյան ստուդիայի նրա նախապատմության մասին անիմաստ է: Բայց գոնե պատմության համար արձանագրենք այս օրը, ավելի ճիշտ այս գիշերը, երբ Երեւանից գողացան եւս մի հեքիաթ, եւս մի պարծանք, եւս մի կտոր:

Տերյան Ստուդիա...»: