Ռուսաստանում 2013 թվականի հուլիսի 13-ին 18 մարդու կյանք խլած ավտովթարի համար 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան` պատիժը հայրենիքում կրելու համար:

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է․

«Տամբովի մարզի շրջանային դատարանի որոշումը դատապարտյալ Հ. Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին ուժի մեջ է մտել 04.07.2017-ին: Վերոնշյալի մասին հայկական կողմը տեղեկացվել է»։

Նշվում է, որ երբ ՌԴ արդարադատության նախարարությունն ստանա դատարանի որոշման պատճենը, այն կուղարկվի հայաստանցի գործընկերներին: 

Ըստ գերատեսչության, ՌԴ Քրեական օրենսգրքի 391 հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետի սպառվելուն պես:  

Հիշեցնենք` Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով: 

2015-ի փետրվարի 8-ին ՀՀ արդարադատության  նախարարությունը դիմել էր ՌԴ իշխանություններին Հարությունյանին արտահանձնելու խնդրանքով: