Այս տարի տոնվում է Արցախի պետականկամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԼՂՀ վաստակավոր արտիստ Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դիրիժորի հոբելյանական համերգը: Ծրագիրն իրականացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Մենակատարը դաշնակահարուհի Նարե Արղամանյանն է լինելու:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ուրախ է հանդես գալ իրեն հարազատ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համերգային ծրագրում ներառել ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, ԱռնոԲաբաջանյանի, էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի և այլոցստեղծագործությունները: Անդրադարձել ենք նաև Ռիխարդ Վագներին, Ալեքսեյ Շոռին և այլ արտասահմանցի հզոր ստեղծագործողների»,- ասաց նա:
Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ զբաղվում է իր սիրած գործով: «Ես իմ աշխատանքի նվիրյալն եմ, ու ինձ համար հաճելի է, որ մինչ օրս պիտանի եմ երաժշտարվեստում: Պետք է ընդգծեմ, որ իմ ընտրած աշխատանքը կյանքիս իմաստն եմ համարում»,- խոստովանեց Մուրադյանը:
Գևորգ Մուրադյանն իր գործունեության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում է ելույթներ ունեցել և մեծ նշանակություն է տալիս դրանցից յուրաքանչյուրին: «Ամեներկիր ծաղկի պես է. բոլորը գումարվում են իրար և դառնում գեղեցիկ ու անուշաբույր փունջ: Սովորել եմ Վիեննայում, Ավստրիայում ու հատկապես Ավստրիան ինձ շատ հարազատ է, սակայն շրջագայել եմ Գերմանիայում, Նորվեգիայում, Հունաստանում և այդ երկրներից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի»,- նշեց դիրիժորը:
Նա հպարտորեն արձանագրեց այն փաստը, որ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջին և վերջին խմբավարը: Մուրադյանը շեշտեց, որ երգչախումբը կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական լավագույն խմբերգային ստեղծագործույթունները, շարականները:
Մուրադյանը վստահ է, որ դիրիժորը պարտավոր է բոլոր երաժշտական ոճերում իրեն լավ զգալ, եթե անգամ ներքուստ չի ընդունում այս կան այն գործը: «Նա պետք էայդ ստեղծագործությունն ինչ-որ կերպ հարազատ դարձնի իրեն: Ես հատկապես սիրում եմ Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենիգործերը ու միշտ ոգևորվում դրանք ներկայացնելիս»,- ասաց Մուրադյանն ու հավելեց, որ հուլիսի 9-ին կայանալիք համերգային ծրագրին անհամբերությամբ է սպասում ու բարձր տրամադրություն ունի:
Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: Հետագայում իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։
1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004-ից Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է։
Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային բազմաթիվ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից մեկը։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում և այլ երկրներում:
Գևորգ Մուրադյանը Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է: