Հայաստանի կառավարությունը նախատեսում է սեղմ ժամկետներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ: ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ տոմսերի գնման հասանելիությունը էապես կխթանի պահանջարկը, հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի հանդեպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք տեղեկատվությունն ու վերահսկելիությունը էական գործիք կհանդիսանան գնային քաղաքականությանը հետևելու և հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ:

«Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող և սպասարկող կազմակերպությունը չի զբաղվելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացվելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր և միջին կազմակերպություններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տնտեսվարողների համար, վերջիններիս տրամադրելով նույնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դեպքում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: