Նորություն չէ, որ Հայաստանի տնտեսության գերխնդիրներից մեկն էլ,եթե ոչ ամենագլխավորը, կապված է ՓՄՁ-ների հետ: Մեր երկրում վերջին տարիներին, ինչպես թվերն են փաստում, փոքր ու միջին ձեռնարկությունների թվաքանակը գնալով նվազում է:
Ըստ նոր վիճակագրության՝ ուր խոսվում է 2016-ի ամռանից մինչև 2017-ի ամառն ընկած ժամանակահատվածում տնտեսությունում տեղի ունեցած տեղաշարժերի մասին,ՓՄՁ-ներին վերաբերող հատվածը լավատեսության ոչ մի հիմք չի ստեղծում: Պարզվում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում հազարավոր ՓՄՁ-ներ են փակվել. 6000 ՓՄՁ դադարել է իր գործունեությունը Հայաստանում:
Թիվն այս,թերևս, չափազանց հետաքրքիր պետք է համարել հատկապես նոր Կառավարության բարձրագոչ խոստումների ֆոնին: Գաղտնիք չէ,որ այս մեկ տարվա ընթացքում միակ բանը,որով Կարապետյանի կառավարությունն ու անձամբ վարչապետն աչքի են ընկել, շռնդալից խոստումներ հնչեցնելն է եղել.Կարապետյանը ճիգ ու ջանք չէր խնայում՝ ապացուցելու ու ի ցույց դնելու,որ սեփական գերնպատակը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է լինելու: Ու հիմա հանկարծ պարզվում է,որ իրավիճակը ոչ միայն չի լավացել,ոչ միայն նոր ՓՄՁ-ներ չեն բացվել և այլն,այլ դեռ մի բան էլ շոշափելի հետընթաց է գրանցվել:Բնական է,որ համապատասխան թվով ՓՄՁ-ների փակվելը չէր կարող սոցիալական ծանր հետևանքներ չունենալ ու ասենք չնպաստեր արտագաղթին,բնակչության ընդհանուր եկամուտների նվազմանը և այլն: Ասել կուզի՝ թիվն այդ ոչ միայն արտացոլում է բիզնես ոլորտում առկա իրավիճակն,այլև շատ կոնկրետ պատկերացում է տալիս նաև տնտեսության համընդհանուր վիճակի ու դրանից բխող սոցիալական ծանր դրության վերաբերյալ:
Իրականում Հայաստանում բիզնես միջավայրի նմանօրինակ պատկերի պատճառները հանրահայտ են՝ անհավասար մրցակցություն, օլիգարխիկ գերիշխանություն տնտեսության բազմաթիվ ճյուղերում, բիզնեսի նկատմամբ դատարանների անհավասար վերաբերմունք, ճնշումներ, պետական գնումների ոչ թափանցիկ համակարգ և այլն: Մի խոսքով՝ հիմնականում սուբյեկտիվ գործոններ՝ գործոններ, որոնք,եթե ոմանք հիշում են,Կարապետյանն իր պաշտոնավարման հենց ամենասկզբից խոստանում էր վերացնել: Վիճակագրությունը փաստում է պարզ բան՝ վարչապետը տապալվել է:
Խնդիրն այս, իհարկե,միայն տնտեսական բնույթ չէ,որ կրում է: Միգուցե, հարցը տնտեսական հարթության մեջ է,սակայն անկասկած է,որ այն ունենալու է նաև քաղաքական հետևանքներ: Պարզից էլ պարզ է,որ նման անբարենպաստ մթնոլորտն ու վիճակագրությունը, փաստացի օդում մնացած խոստումներն ու անհիմն շոուներն, ինչպես ասում են, չեն կարող էժան նստել Կարապետյանի վրա,ու այսպես թե այնպես այս ամենն ունենալու է ճակատագրական հետևանքներ վարչապետի կարիերայի հարցում: Եթե կուզեք՝ նմանօրինակ իրավիճակն ու ոչ բարվոք վիճակագրությունը շատ առումներով բխում է հենց Սերժ Սրագսյանի քաղաքական շահերից. բնականբար,եթե Կարապետյանին հաջողվեր կյանքի կոչել խոստումները, ներդրումներ ապահովել Հայաստանում, նոր միջավայր ձևավորել,եթե նույն ՓՄՁ-ները պակասելու փոխարեն միայն ավելանային,ապա Կարապետյանի ներքին կշիռը ժամանակի հետ միայն մեծանալու էր՝ անվերահսկելի դարձնելով ներքին իրավիճակը նախևառաջ Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար՝ միգուցե 6000-ը տխուր թիվ է,սակայն,ինչպես ասում են, չկա չարիք՝առանց բարիք: Այս պարագայում Կարապետյանի բացահայտ տապալումը ձենտու է Սարգսյանին ու նրա թիմին.Կարապետյանի ոտքերի տակ հողն ուղղակի այրվում է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ