Այսօր «Սասնա Ծռեր»-ի անդամներից 18-ի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց ընդմիջվեց։ Գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար։
Նշենք՝ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց, թեեւ, պաշտպանը հակադարձեց, թե ներկայացնելու է իր միջնորդությունը:
Գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դիմելով պաշտպանին՝ ասաց. «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, մի՛ շարունակեք»:
Դատավորի դիմելաձևն առաջացրեց ներկաների ծիծաղը:
«Գնում եմ խորհրդակցական սենյակ` Ձեր խափանման միջոցը որոշելու»,- ասաց դատավորը, այնուհետեւ ինքն իրեն ուղղեց. «Հեռանում եմ խորհրդակցական սենյակ Ձեր վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու»,- ընդգծեց Արտուշ Գաբրիելյանը:
Նա հայտարարեց, որ առանց իր թույլտվության՝ Սահակյանը տեղից ելույթ է ունեցել։
Դատական նիստն ընդմիջվեց:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված և այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված «Սասնա Ծռեր» զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։