ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կոչ է անում հավատալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհների վերաբացման հարցում ռուս-վրացական բանակցությունների հաջողությանը: «Պետք է հավատանք: Ես հավատում եմ, որ մի օր դա կիրականանա, սակայն հայկական կողմը չի կարող ներգրավված լինել բանակցություններին, դրանք վերաբերում են ռուս-վրացական հարաբերություններին, որոնց ներգրավված է շվեյցարական ընկերությունը»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բանակցությունների հարցում դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:
Նախարարն ընդգծեց, որ մշտական կապի է մեջ ռուս և վրացի գործընկերների հետ, ոչ միայն այդ, այլ նաև տարբեր հարցերի շուրջ: Մարտիրոսյանն ասաց, որ նշված ճանապարհների վերաբացման հարցում պատրաստակամություն նկատել է երկու կողմերից էլ: «Ցանկություն կա երկու կողմից էլ, և ինչ- որ մի օր արդյունք կունենանք: Ծանր խնդիր է, ժամկետների մասին պատկերացում չունենք, բանակցությունները ցույց կտան»,- ասաց նախարարը:
Հայտնի է, որ ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին երկու երկրների միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: