Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Կենտրոնական բանկի որոշումը՝ թղթադրամների փոփոխության վերաբերյալ: Նախատեսվում է շրջանառությունից դուրս բերել100000-անոց թղթադրամներն, ինչպես նաև շրջանառության մեջ դնել նոր՝ 2000-անոց թղթադրամներ, իսկ մյուսներն էլ լիովին փոփոխության ենթարկել:
Թե հատկապես ինչի հետ է կապված ԿԲ այս որոշումը, թերևս, դժվար է հարյուր տոկոսանոց վստահությամբ ասել, բայց չի բացառվում, որ որոշումն այս ինչ-որ տեղ պայմանավորված լինի նաև Ռուսաստանում ամիսներ առաջ կայացված համանման որշմամբ. ՌԴ-ում առաջիկայում շրջանառության մեջ են հայտնվելու 200 և 2000 ռուբլիանոց թղթադրամներ: Այնպես որ՝ չի բացառվում, որ ԿԲ որոշման վրա ազդեցություն գործած լինի հենց այս իրողությունը:
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի ԿԲ կողմից սույն նախաձեռնությունը չի կարելի բացառապես բացասական որակել:

Տնտեսագիտական տեսանկյունից նոր թղթադրամների թողարկումն էականորեն մեծացնելու է հայկական Դրամի պաշտպանվածությունը կեղծարարներից,նպաստելու է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատմանը, փողի շրջանառությունն էականորեն արագանալու է: Ի դեպ պետք է նշել, որ դիցուք 2000 դրամանոցների՝ շրջանառության մեջ դրվելն արվելու է ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների ու խորհուրդների հիման վրա ու կոչված է լինելու նպաստել դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացմանը: Ինչ վերաբերում է 100.000-անոցների շրջանառությունից դուրս գալուն, ապա դա արվում է՝ հաշվի առնելով Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալի ավելացումն ու միջազգային փորձը, որը վկայում է ժամանակի ընթացքում մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Այսինքն՝ ժամանակն ապացուցեց, որ 100.000-անոցներն իրենց գոյությունը չարդարացրին. դրանք պրակտիկ դուրս չեկան:

Իհարկե, միգուցե զուտ տնտեսագիտական տեսանկյունից որոշումը կարող է արդարացված թվալ, բայց մտահոգությունները, որ հնչում են այս ամենի հետ կապված, պայմանավորված չեն ԿԲ կողմից ներկայացվող հիմնավորումներով. դրանք ավելի շուտ հարցի պրակտիկ կողմին են վերաբերում:

Մասնավորապես՝ շատերը գտնում են, որ ներկայիս սուղ իրավիճակում հավելյալ ծախսեր թույլ տալը չի կարող արդարացված համարվել, քանի որ դեռևս չի հասունացել այն կրիտիկական պահը, որը կստիպեր՝ գնալու նման քայլի: Հին թղթադրամները ևս, ինչպես ասում են, վատ չէին կատարում իրենց գործառույթները ու նորերի կրիտիկական պահանջարկ չկար: Կարճ ասած՝  կարծիք կա, որ այս քայլը ձեռնարկվում է՝ որոշակի կողմնակի նպատակներից ելնելով. բնականաբար, գործընթացը լուրջ ծախսեր է պահանջելու, ինչը վատ առիթ չէ ոմանց համար՝ կողմնակի եկամուտներ ապահովելու:

Միգուցե նմանօրինակ կարծքիները չարդարացված կարելի է համարել, խիստ հոռետեսական, սակայն ինչպես ասում են, սա Հայաստանն է, ու ոչ ոք նախօրոք չի կարող որևիցե բան երաշխավորել. թալանի ռիսկ միշտ էլ կա...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ