Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից անցել է ուղիղ մեկ տարի: Այն, ինչ այդ գիշեր միավորեց ողջ Թուրքիան, դարձավ սկզբնակետը մի գործընթացի, որը երկիրը գլորեց դեպի խորը ճգնաժամ:
Շատերն էին կարծում, որ 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը ռազմական հեղաշրջման դեմ դուրս եկած Թուրքիայի քաղաքացիների ցուցաբերած հազվադեպ միասնականությունը կարող է սկիզբ դառնալ մի գործընթացի, որի շրջանակում ժողովրդավարական սկզբունքներից հեռացած երկիրը նորից կընթանա ճիշտ հունով, որտեղ բոլորը կհարգեն միմյանց՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելության՝ գնահատելով ընդհանուր հայրենիքի գաղափարը:
Այդուհանդերձ, այս կանխատեսումները չարդարացան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող քաղաքական ուժը երկրում ստեղծված իրավիճակը սկսեց ծառայեցնել սեփական շահերին: Էրդողանը, ով անթաքույց կերպով փորձում է ավելի միահեծան դարձնել իր իշխանությունը, կատաղի պայքար է մղում իր հակառակորդների ու ընդդիմադիրների դեմ:
Նա հեղաշրջման փորձի միակ մեղավոր ու կազմակերպիչ է ճանաչել չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիա վերադարձնելու համար շուրջ մեկ տարի է՝ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների իշխանությունների հետ: Բացի այդ, գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ռազմական հեղաշրջումից հետո սկսվել են զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումներ, աշխատանքից հեռացումներ: Կալանքի տակ են կամ ձերբակալված ավելի քան հարյուր հազար տարբեր աստիճանի զինվորականներ, գիտնականներ, ակադեմիկոսներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ: Թուրքիայի բանտերում են գտնվող 159 լրագրող, փակվել են մի քանի տասնյակ հեռուստաընկերություններ, թերթեր ու լրատվական կայքեր: Հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից: Բացի այդ, 2016 թվականի նոյեմբերից կալանավորված են Թուրքիայի ժողովրդի կողմից ընտրված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում դրա համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը (վերջինս մեջլիսի որոշմամբ զրկվել է պատգամավորական մանդատից ու հեռացվել կուսակցության փոխնախագահի պաշտոնից):
Միայն վերջերս՝ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվեցին մի խումբ իրավապաշտպաններ, ինչը պատճառ դարձավ, որպեսզի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կրկին ահազանգեն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների փաստի առնչությամբ:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 20-ից հայտարարված արտակարգ դրությունը, որը երկարաձգվել է արդեն երեք անգամ և ակնկալվում է, որ հուլիսի 19-ից կերկարացվի ևս երեք ամսով, հարմար հող է թուրքական իշխանությունների համար, որպեսզի ցանկացած ընդդիմադիր գործողություն որակվի որպես «ահաբեկչություն», ինչի քողի ներքո Էրդողանն ու նրա կողմնակիցները հնարավորություն են ստանում լռեցնել ցանկացած այլախոհ տարրի:
Զարմանալի չէ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին մեկ տարում իր համախոհը դարձած ազգայնականների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ վերջերս նախաձեռնել է օրենքների մի նոր փաթեթ, որ նոր աստիճանի է հասցնում երկրում խոսքի ազատության սահմանափակման մակարդակը. օրենքը նախատեսում է, որ կարող են պատժվել այն պատգամավորները, ովքեր մեջլիսում կբարձրաձայնեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կամ «Քրդստան» անվանումը: Իսկ օրենքը խախտող պատգամավորին միառժամանակ կհեռացնեն նիստի աշխատանքներից՝ պահելով աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար:
Ամփոփելով Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մեկ տարին՝ կարող ենք վստահ պնդել, որ այսօր երկիրն ապրում է խորը ճգնաժամ: Թուրքիայում ստեղծված դրությունը, հասարակության շրջանում բևեռացումները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ, որտեղ անկախ Էրդողանի՝ իրադրությունն իր ձեռքում պահելու ջանքերի, իրավիճակը կարող է ամեն պահի դուրս գալ սահմաններից ու նոր «պայթյունի» պատճառ դառնալ: Էրդողանի ու նրա թիմակիցների քաղաքականությունը երկիրը շատ հեռու է տանում ժողովրդավական արժեքներից ու սկզբունքներից՝ խիստ վտանգելով Թուրքայի հեռանկարն ու ապագան:
Արաքս Կասյան