ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը զարմանում է, թե ինչպես կարելի է 4-5 հազար հոգով դուրս գալ փողոց և ասել՝ «մենք ենք հաղթել», այն դեպքում, երբ կան իրավական փաստեր։ «Այդ փաստերը խոսում են մեկ այլ բանի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է մեկ այլ բանի մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։Նա թերևս ունի այդ հարցի պատասխանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարապ է մնացել և ոչ մի քաղաքական անելիք չունի, նման ճանապարհ է ընտրել։
«Այս մարդիկ անելիք չունենալով փորձում են գնալ անորոշությունների ճանապարհով։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտնվել Ազգային ժողովում իր ոչ ճիշտ գործողությունների պատճառով և հասկանում է, որ միտինգ չանի գնալու է տանը նստի, մե՞նք ենք մեղավոր»,- նկատում է պատգամավորը և ավելացնում, որ ինքը, ըստ էության, քաղաքական այլ զբաղմունք դրանից բացի չի ունենալու։
«Ես վստահ եմ, որ եթե ԱԺ-ում ինքը ներկայացված լիներ, միգուցե նրա գործողությունն այլ կերպ դրսևորվեր»,- ասաց նա։
Հարցին, թե մարդիկ էլ, ովքեր դուրս են գալիս փողոց գուցե նրանք էլ են պարապ մնացել, ՀՀԿ պատգամավորը խնդրում է տարանջատել։ «Ես խոսում եմ ընդամենը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին և խնդրում եմ մարդկանց և Րաֆֆի հովհաննիսյանին տարանջատեք, որովհետև ինքը կազմակերպիչն է, ինքը նախագահի թեկնածուն է նախկին, իսկ ժողովուրդը գնում է միգուցե նրա խոսքը լսելու»,- ասաց նա և խոստովանեց, որ նրանք գուցե դժգոհություններ ունեն։
ՀՀԿ պատգամավորի առաջարկը հետևյալն է. Սահմանադրական դատարան դիմելուց հետո լավ առիթ է լռություն պահպանել և սպասել արդյունքների։
«Մենք իրավական պետություն ենք, եկեք պահպանենք լռությունը, գնահատական չտանք, թողնենք, եթե փաստեր կան՝ իրավական տեսակետից հասկանանք իրողությունը»,- ասաց նա։