Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը ընդմիջվել է, քանի որ փաստաբանները չեն կարողացել մուտք գործել շենք: Դատական կարգադրիչները փաստաբաններ Մուշեղ Շուշանյանից ու Արայիկ Պապիկյանից պահանջեցին բացել իրենց պայուսակները, ինչին փաստաբանները չհամաձայնեցին:
Հավելենք, որ նիստին ներկա չէին ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը: Նրանց նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել:
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը, ով այսօր չի կարող ներկա գտնվել այս դատական նիստին:
Դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ արդեն հինգ դատական նիստ է՝ Հայկ Ալումյանը չի ներկայանում դատական նիստին, ուստի՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների՝ պաշտպանյալը նոր պաշտպանի պետք է ներգրավի: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, սակայն, ասաց, որ ինքը չի ցանկանում հրաժարվել իր պաշտպանից:
Փաստաբան Լուսինե Սահակյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 8-ը արձակուրդում է և չի կարող պաշտպանել իր պաշտպանյալներ Սեդրակ Նազարյանին ու Էդվարդ Գրիգորյանին:
Ուստի, դատավոր Գաբրիելյանը փաստաբաններին առաջարկեց արձակուրդից օգտվել օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
«Եթե այդպես չանենք, նշանակում է՝ ամեն դատական նիստին ամեն փաստաբան կարա գա ասի՝ ես գնում եմ արձակուրդ: Եկեք որոշենք ամսի -15-ը գնանք արձակուրդ ու գանք շարունակենք նիստը», - ասաց դատավորը: