Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ է լսում, որ Սեդրակ Քոչարյանը Երևանի ավագանու ընտրություններում կարող է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ մամուլում հրապարակում կար, թե Ռ. Քոչարյանի ավագ որդին կգլխավորի ԲՀԿ-ի ցուցակը:

2 օր առաջ էլ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էր մեզ հետ զրույցում նշել, թե «Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված ԲՀԿ մասնակցության, ձևաչափերի տարբերակների կամ առհասարակ հարցերի առումով չի կարող հավաստի տեղեկատվություն լինել, քանի որ կուսակցությունը դեռ չի քննարկել, հետևաբար՝ չունի որոշում, և չկա պաշտոնական տեղեկատվություն»:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԲՀԿ վերնախավը փետրվարի 24-ին Աղվերանում փոքր հավաք է կազմակերպել, որի ժամանակ էլ քննարկվել է այդ հարցը: Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այդ օրերին Հայաստանում չի եղել, բայց այդ հարցը կուսակցական վերնախավում և նաև նրա գիտությամբ, այնուամենայնիվ, քննարկվել է:

Ամեն դեպքում, վերը նշված երկու անձինք չէին հերքել, որ Երևանի ավագանու ընտրություններում Ս. Քոչարյանը չի գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը: