Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Անդրադառնալով փաթեթում ներառված այն կետերին, որոնք ենթադրում են պատիժ սահմանել մեջլիսի այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը» (խմբ.- «թուրք ազգի անցյալի վիրավորանք» է համարվում նաև Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը), Դողանն ընդգծել է, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել է պատգամավորը:
Նա արձանագրել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը մեկ առ մեկ լռեցնում է ժողովրդավարական երկրում անհրաժեշտ բոլոր կառույցներին: «Մեդիան լռեցված է, ակադեմիկոսները լռեցված են, գործարար աշխարհը լռեցված է, բանվորական արհմիությունները, քաղաքացիական հասարակությունը թաղված են լռության մեջ… Միակ խոսացողն ընդդիմադիր պատգամավորներն են, որոնց էլ այս փոփոխություններով փորձում եք լռեցնել»,- ասել է Դողանը: Հիշեցնելով վերջերս իրավապաշտպանների կալանավորման փաստը՝ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օրինական դաշտում գործունեություն ծավալով գործիչները մի վայրկյանում «ահաբեկիչ» են հռչակվում:
Պատգամավորը հայտնել է, որ իշխանությունների ստեղծած քաղաքական մթնոլորտը խիստ մտահոգում է Թուրքիայի փոքրամասնություններին: «Հեղաշրջման փորձից անմիջապես հետո իշխանության խոսնակը հանդիսացող լրատվամիջոցները թիրախավորեցին փոքրամասնություններին: Անցնող կիրակի Պոլսո Հայոց պատրիարքարանն աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի համար: Թուրքիայի հրեական համայնքն էլ շաբաթ օրը սինագոգներում աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի և մեր երկրի խաղաղության համար: Իսկ ի՞նչ արեց իշխանամետ մամուլը: Այն Ֆեթուլլահ Գյուլենին հայ հռչակեց, գրեց, որ Գյուլենը համագործակցում է հրեաների հետ: Անգամ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս ծայրագույն պատրիարքին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է խաղաղությանը, առնչակից դարձրեցին զինված հեղաշրջման փորձին: Երբ իրադրությունն այսպիսինն է, ինչ եք ակնկալում, երկրում փոքրամասնություններն ինչպե՞ս պետք է մտածեն:
Փոքրամասնություններն առաջին անգամ խորհրդարանում ներկայացված են այս թվով պատգամավորներով: Եվ ներքին կանոնակարգին առնչվող այս օրենքների փաթեթով դուք խորհրդարանում արդեն կտրում եք փոքրամասնությունների ձայնը»,- հայտարարել է նա:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:
Բացի այդ, ըստ փոփոխությունների պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:
Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):
Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:
Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից: