«Յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, մշակութային համաձայնագիր, որը կնքվում է երկու երկրների միջև, և այդ թվում նաև Հայաստան-Իրան ցամաքային սահմանի տարբեր ենթակառուցվածքներ համատեղ օգտագործելու ուղղությամբ, նոր հորիզոններ է բացում երկու երկրների հարաբերությունների համատեքստում։ Այն նպաստում է երկու երկրների զարգացմանն ու սերտացմանը, ինչպես նաև ինչ-որ տեղ իրար է միացնում երկու երկրների ճակատագրերը»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերի հայտնի փորձագետ, իրանցի Էհսան Հուշմանդին՝ անդրադառնալով երեկ ԻԻՀ խորհրդարանի լիագումար նիստում Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունմանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների անվտանգությունը յուրաքանչյուր կողմի համար ավելի մեծ արժեք է ստանում և ցանկացած գործոն, որը կարող է Իրանում անկայունություն առաջացնել՝ անվտանգությունը խաթարելով, Հայաստանի համար է անհանգստություն առաջացնում, և հակառակը՝ ցանկացած մարտահրավեր, որը կարող է խաթարել ՀՀ անվտանգությունը, դառնում է մարտահրավեր Իրանի նկատմամբ։

Փորձագետը ընդգծեց՝ Իրանի խորհրդարանի պատգամավորներից ընդամենը երեքն են դեմ քվեարկել օրինագծին, իսկ մեծամասնուոթյունը կողմ են քվեարկել․ «Շատ քիչ է պատահում, որ Իրանի խորհրդարանում որևէ նախագիծ հաստատելու ընթացքում նման միասնություն է  նկատվում։ Դեմ ձայները կազմել են ընդամենը մեկ տոկոս, 99 տոկոս կողմ ձայներով է ընդունվել նախագիծը։ Սա մեկ ցուցիչ է առ այն, որ Իրանը նոր հնարավորություններ է փնտրում Հայաստանի հետ իր հարաբերությունները զարգացնելու։ Սա նշանակում է, որ երկու երկրները կամք են դրսևորում հարաբերությունները ընդլայնելու։ Չնայած նրան, որ Իրանում առկա է ներքաղաքական բավական լուրջ մրցակցություն տարբեր թևերի միջև, սակայն  Հայաստանի վերաբերյալ բոլոր քաղաքական թևերը միակարծիք են․ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է զարգանան»։

Նա նշեց՝ տարածաշրջանում կան երկրներ, որոնք ամենևին շահագրգռված չեն, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները ընդլայնվեն և ամրապնդվեն․ «Որոշ խմբավորումներ կարող են Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացումից անհանգստանալ, սակայն Իրանի մեջլիսում օրինագծի միաձայն վավերացումը ցույց է տալիս, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերություններում տեսնում է լայն հեռանկարներ և հորիզոններ»,- խոսքը եզրափակեց փորձագետը։

Սոնա Հարությունյան