ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 15-ին քաղաքացուց (ծնված 1996թ.) հաղորդում էր ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ, ով ներկայացել է որպես մարմնավաճառ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ համապատասխան վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երիտասարդը հուլիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելել է Միլենայի մատնանշած՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, որտեղ տեսել է կանացի հագուստով երկու անձի։ Հասկանալով, որ վերջիններս իրականում տղամարդիկ են՝ երիտասարդը փորձել է անմիջապես հեռանալ, սակայն բնակարանում գտնվող անձինք դանակի գործադրման սպառնալիքով իրենից հափշտակել են գումար, որից հետո միայն թույլ տվել հեռանալ։

Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ: 21-ամյա քաղաքացին ճանաչվել է տուժող։

Արդյունքում պարզվել են ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են արական սեռի քաղաքացիներ՝ ծնված 1998 թվականին և տուժողի մատնանշած բնակարանում բնակվում են վարձակալական հիմունքներով:

19-ամյա երիտասարդների նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանք հարցաքննվել են և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: