Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Ինչպես ավելի վաղ հայտնել էր kremlin.ru-ն, Պուտինը նկատել էր, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս էր հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն: Ընդ որում այդ բարդ խնդիրների շարքում Ռուսաստանի նախագահը չի առանձնացրել Արցախյան հակամարտությունը:

Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում Պուտինը նկատի ունի ոչ միայն Հարավային Կովկասը, որքան մեծ տարածաշրջանը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքը, որտեղ վերջերս Ադրբեջանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի կազմակերպած հայտնի գագաթնաժողովին, ինչը կարող է դիտվել դեմարշ ռուսական շահերի դեմ: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի գտնել բարդ հարցերի լուծումները: ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի: Թե այդ պլանները ինչպիսին են դժվար չէ կռահել, Ռուսաստանը չի պատրաստվում հեշտությամբ զիջել և թերևս նոր գրոհ է սկսելու Բաքվի վրա` նրան ԵԱՏՄ ներքաշելու համար, դրանով պայմանավորելով նաև Արցախյան հակամարտության կարգավորումը: Ալիևը դեռևս համառորեն ընդդիմանում է, բայց հաշվի առնելով ոչ բարենպաստ արտաքին պայմանները, այն որ Թուրքիան այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան Ալիևի շահերը սպասարկելը՝ Բաքվի դիմադրողականությունը կարող է էականորեն թուլանալ:

Ադրբեջանական լրատվամիջոցների աչքից չվրիպեց այն լարվածության մթնոլորտը, որը առկա էր Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ: Ռուսաստանի և Ադրբեջանի հակասությունների հիմնական պատճառը ոչ թե արցախյան հակամարտությունն է, այլ Եվրոպա գազի արտահանման հարցը: Այս հարցում Մոսկվան և Բաքուն մրցակիցներ են, և առայժմ տեսանելի չէ կոմպրոմիսի որևէ հնարավորություն: Սակայն ակնհայտ է, որ կողմերի համար առաջացել էր արտահերթ հանդիպելու անհրաժեշտություն: Հաշվի առնելով ինչպիսի իրադարձություններ նախորդեցին Պուտին-Ալիև հանդիպմանը, ստեղծվում է տպավորություն, որ այդ անհրաժեշտությունն ուներ առաջին հերթին ադրբեջանական կողմը, թեկուզ հենց այն բանի համար, որպեսզի Պուտինին բացատրություն տա և արդարանա, թե այդ ինչ հակակշիռ ունեն ռուսական ռազմաարդյունաբերության պարծանքը հանդիսացող Իսկանդերներին, ինչի մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը, ինչպես միշտ հաշվի չառնելով իր բլեֆի հնարավոր հետևանքները :

Ստելլա Խաչատրյան