Այս տարվա հուլիսի 5-9-ը Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էին 260 խորհրդարանականներ ԵԱՀԿ 55 երկրներից՝ այդ թվում և Հայաստանից:
Քվեարկությամբ ընդունվեց Մինսկի հռչակագիրը, որը ազգային կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային հանրությանն ուղղված կոչ է՝ օգնել քաղաքականություն ձևավորել քաղաքական, տնտեսական, անվտանգության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրուցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով Մինսկում ընդունված եզրափակիչ հռչակագրին՝ նշեց, որ այն հանգամանքը, որ 5 օր տևած ամենամյա նստաշրջանի ընթացքում Մինսկում գտնվող հայկակական պատվիրակությունը չի կարողացել արձանագրել Արցախի հարցում որևէ առաջընթաց, վկայում է մեր պատվիրակության, մեղմ ասած, ձախողման մասին.
«Արևմուտքի քաղաքականությունն Արցախի հակամարտության վերաբերյալ ուրվագծված է նրանց հայտարարություններով: Այդ հայտարարությունները կայանում են նրանում, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և այստեղ այլ կարծիք չկա, իսկ այն տարածքները, որոնք չեն վերականգնվում, համարվում են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ:
Արցախի հակամարտության հարցում նույն արևմուտքը նշում է, որ կոնֆլիկտը չի կարող ունենալ ռազմական լուծում, և այս մասին նաև ԱՄՆ Պետդեպի տարբեր պաշտոնյաներն են հայտարարել տարբեր ժամանակներում: Հարցը պետք է կարգավորվի 1978 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համապատասխան, որով էլ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահները, ուստի հակամարտության կողմերը սրան պետք է հետևեն: Իսկ եթե, հայկական պատվիրակությանը չի հաջողվում որևէ դրական առաջընթաց արձանագրել Արցախի հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության առաջ, վկայում է մեր պատվիրակության ձախողման մասին»:
Ըստ մեր զրուցակցի՝ հայկական պատվիակությունը մշտապես նման կարևոր հարթակներում ձախողելու է, քանի դեռ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության հարցում չի կիսում միջազգային հանրության տեսակետը. «Հայկական կողմի դիրքորոշումը Ղրիմի հարցում մեզ զրկում է առաջին հերթին բարոյական իրավունքից Արցախի հարցում միջազգային հանրությունից որևէ բան ասելու կամ պահանջելու հնարավորությունից: Սրանով է պայմանավորված, որ հայ պատվիրակները անհաջողութուններչ են ունենում»,-ասաց քաղաքագետը:
Դիտարկմանն այդ անհաջողությունների կամ ձախողումների շարքին կարելի է դասել նաև այն, որ օրեր առաջ Մինսկում Հերմինե Նաղդալյանին ադրբեջանցի պատվիրակը հիշեցրեց նրա հայտնի հայտարարությունը՝ մենք ձեր հողերը չենք ուզում սկանդալային բովանդակությամբ, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Այո՛, ձախողում է: Ավելին՝ Ադրբեջանին հակադարձելու համար որևէ բան չի անում, և քանի դեռ հետևում է Ռուսաստանի քմահաճույքներին, միջազգային հանրությունից էլ անտարբեր վերաբերմունք է ստանալու, մեզ ասում են՝ ձեր դաշնակցի օգտին քվեարկել եք, իրենից էլ պահանջեք: Ստացվում է՝ հավաքական առումով, հայկական կողմը ՀՀ-ի շահերը չի կարողանում պաշտպանել նման կարևոր միջազգային հարթակներում, հետևաբար մեր պատվիրակությունն իր ֆունկցիան չի կատարում՝ շարունակելով պաշտպանել ռուսական կողմի շահը»:
Ստացվում է՝ հայկական պատվիրակության անհաջողությունների պատճառը Ռուսաստանն է, իսկ ո՞ւր մնաց մեր պատվիրակների պրոֆեսիոնալիզմը.
«Այսպես ասեմ՝ Ռուսաստանը հետխորհրդային տարածքներում հեղհեղուկ վիճակի միակ և գլխավոր ճարտարապետն է, իսկ մեր պատվիրակների պրոֆեսիոնալիզմը մենք տեսանք»:
Աղավնի Սուքիասյան