Սեւանա լճի մակարդակն իր այս տարվա առավելագույն նիշից՝ 1900 մետր 91 սանտիմետրից, նվազել է 10 սանտիմետրով հուլիսի առաջին 24 օրերի ընթացքում՝ կապված լճից ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների եւ սակավ տեղումների հետ: Այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 149 միլիոն 87 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 80 միլիոն 18 հազար խորանարդ մետր ջուր:
Բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սեւանա լճից բաց կթողնվի եւս 100 միլիոն խորանարդ մետր ջուր: Իսկ որպես անհրաժեշտություն՝ կառավարությունը միշտ ներկայացնում է ոռոգման համար ջրի սակավությունը: Նույն պատճառաբանությունն էլ ներկայացրել է նաև այս անգամ: Բայց զուգահեռաբար նաև նշված է, որ լրացուցիչ ջրի բաց թողնման արդյունքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների մոտ առաջանալու են լրացուցիչ գումարներ, որոնք ենթակա են վճարման կառավարության արտաբյուջետային հաշվին: Բայց նախագծի հիմնավորումների մեջ գնահատված չէ, թե խոսքը մոտավորապես ինչ չափի էլեկտրաէներգիայի արտադրության կամ գումարների մասին է գնում: Ստացվում է, որ կառավարությունը փոխարենը գտնի ոռոգման ջրի խնդրի լուծման այլ տարբերակ, քիչ չէ բնապահպանական աղետի առաջ է կանգնեցնում Սևանը, մի բան էլ դա անում է բիզնես շահ հետապնդելով: Թե ինչպես այս որոշումը կլուծի ոռոգման ջրի հարցը անգամ կառավարությունում են դժվարանում բացատրել: Հատկանշական է նաև, որ Սևանից լրացուցիչ ջրի բացթողումը դրական չի գնահատում նաև բնապահպանության նախարարությունը, որն իր եզրակացության մեջ նշել է, թե «նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը դարձյալ հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին»։
Հայաստանում գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում այսօր կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ջուր: Իսկ թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել, Ջրային պետական կոմիտեն դեռ պետք է հարցին պատասխանի... Թե ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները մեր երկրում, հայտնի է. մասնագետների պնդմամբ, որպեսզի մենք հասնենք ջրային ռեսուրսների այսպես կոչված՝ բանական օգտագործմանը և լիարժեք պահպանության գաղափարին, ապա ամբողջովին պետք է վերանայենք կառավարման սկզբունքները։ Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում» (առանց Սևանա լճի), որից կարողանում ենք կուտակել միայն 1 միլիարդ խմը, իսկ մնացածը մակերևութային գետերով հոսում են հանրապետությունից դուրս։ Բայց դե բնությունը քանդելն ավելի հեշտ է, ինչու ոչ՝ նաև եկամտաբեր, քան խնդրի ռացիոնալ լուծումներ որոնելը:
Ստելլա Խաչատրյան