Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազն ընթերցեց զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, նա 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան և Հայաստան:
«Վարդանյանը Հայր Անտոնից մաս-մաս գումարներ է վերցրել զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար: Արթուր Վարդանյանը հեղաշրջումն իրականացնելու համար խումբ հավաքելիս ցանկացել է ներգրավել Արցախյան ազատամարտի մասնակիցներին»,- նշված է մեղադրական եզրակացությունում:
Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: