Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր հասցեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնչեցրած սպառնալիքների մասին։ ZIK հեռուստաալիքին տված համապատասխան մեկնաբանությունը նա զետեղել է իր ֆեյսբուքյան էջում։

Սաակաշվիլիի խոսքով՝ ներկա պահին ինքը գտնվում է Նյու Յորքում, իսկ Պորոշենկոյի հետ վերջին անգամ հանդիպել է մայիսին, Մալթայում՝ ԵԺԿ համագումարի ժամանակ։

«Այդ զրույցը տևել է 2 ժամ, դրանք սպառնալիքներ էին, կոչեր՝ դադարեցնելու նախագահին քննադատելը, դադարեցնելու քաղաքական գործունեությունն ու ակտիվությունը։ Եվ եթե ես դադարեցնեմ քաղաքական ակտիվությունը, ապա 2 տարուց խմբակցություն կունենամ խորհրդարանում։ Բոլոր սպառնալիքներին ես ժպիտով եմ արձագանքել, ես հրաժարվել եմ կատարել պահանջները»,-ասել է քաղաքական գործիչը։

Բացի այդ, նա նշել է, որ դրանից հետո Պորոշենկոն իր միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել, որ դժգոհ է Սաակաշվիլիի տոնից ու տրամադրությունից։