«Մեղրամիս» հեռուստասերիալն այսօր մեծ աղմուկ է բարձրացրել ու ունի մեծ դիտողականություն:
Այն, կարելի է ասել՝ միավորել է աշխարհի ծայրերում գտնվող հայերին ու ստեղծել մի մեծ ընտանիք:
Միայն ինստագրամում ավելի քան երեսուն ֆան էջ կա, յութուբը ողողված է գլխավոր հերոսների կարճ տեսանյութերով, որոնք հենց հեռուստադիտողներն են պատրաստում:
Ինտերնետային կայքերում ամենաշատ դիտումներն ունի հենց «Մեղրամիս» հեռուստասերիալը:
ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Մեղրամիս» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը:
-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞վ է պայմանավորված սերիալի վարկանիշը ու արդյո՞ք մտածում էիք, որ հեռուստասերիալը հենց նման վարկանիշ կունենա:
-Վստահ էի: Հենց կարդացի սցենարը, հասկացա, որ սերիալը կհաջողվի, պարզապես պետք է ճիշտ դերակատարներ ընտրել:
Ընտրեցինք այնպիսի դերասանների, ովքեր տաղանդավոր են ու միևնույն ժամանակ՝ տևական ժամանակ չէին երևացել հեռուստաէկրաններն:
Հեռուստադիտողը հասցրել էր կարոտել նրանց:
-Գլխավոր դերակատարը երգիչ է, դերասան չէ: Ինչո՞ւ հենց Վաչե Ամարյանը:
-Վաչե Ամարյանը սցենարով համապատասխանում էր Արսենի կերպարին, ու բացի այդ՝ պետք էր նոր դեմք՝ այնպիսի մեկը, ում և՛ սիրում են, և՛ ճանաչում, և ամենակարևորը՝ ոչ ոք չի սպասում, որ նա հեռուստասերիալում հանդես կգա:
-Իսկ հե՞շտ համաձայնեց:
Այդ ժամանակ Վաչեն Մոսկվայում էր, ես՝ Միացյալ Նահանգներում:
Զանգահարեցի՝ խոսեցինք, պայմանավորվեցինք հանդիպել Երևանում, իսկ արդեն Երևանում մեծ ուրախությամբ համաձայնեց: Կարծում եմ՝ գոհ է:
-Դուք բավականին երկար ժամանակ եք աշխատում հեռուստատեսությունում: Պարո՛ն Մարգարյան, դուք 2006թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն եք, բազմաթիվ հեռուստանախագծերի, սերիալների անմիջական պրոդյուսերը:
«Կյանքի գինը», «Վերադարձ», «Վտանգավոր խաղեր», «Fort boyar», «Deel or no dil».. դրանք այնքա՜ն շատ են:
-Այո՛, դրանք շատ-շատ են: Արդեն հաշիվն էլ եմ կորցրել:
-Պարո՛ն Մարգարյան, Ձեր գրեթե բոլոր նախագծերը հաջողված են, ո՞րն է հաջողության բանալին:
-Գիտե՞ք՝ ցանկացած նախագիծ ճիշտ հաշվարկ է պահանջում:
Պիտի իմանաս՝ ինչի վրա ես շեշտը դնում ու ինչ ես ուզում ստանալ:
-Երբ զրուցում էինք Վաչե Ամարյանի ու Տաթևիկ Ադումյանի հետ, նրանք բավականին զավեշտալի դեպքեր պատմեցին՝ կապված նկարահանումներ հետ: Դուք գտնվում եք միացյալ նահանգներում. դժվար չէ՞ արդյոք հեռվից հեռու հեռուստասերիալի նկարահանումները կազմակերպելը:
-Երբ ունես լավ ու պրոֆեսիոնալ թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր պարտականությունները ու կատարում է այն բարեխղճորեն, ոչ մի խնդիր չի ծագում, իսկ եթե առաջանում էլ է՝ դրանք շատ հեշտ է հարթել:
-Կարծում եք, որ հաջողության գրավականը լավ թի՞մն է:
-Միանշանա՛կ: Թե՛ սցենարիստին՝ Անուշին, թե՛ ռեժիսորին՝ Վարշամին, ճանաչում եմ շատ վաղուց: 2006 թ.-ին մենք միասին մի շարք նախագծեր ենք իրականացրել ու հենց դա էր պատճառը, որ նախագիծը վստահվեց հենց իրենց:
-Իսկ ի՞նչ պլաններ կան առաջիկայում:
Չեմ ուզում չակերտները բացել, բայց առաջիկայի համար բազմաթիվ պլաններ ու նոր նախագծեր կան՝ թե՛ Միացյալ նահանգներում իրականացվող, թե՝ Հայաստանում: