Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ նորամուծություններ է նախարարությունն առաջարկում ներդնել:
-Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է
ներկայացրել«Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Ինչով էր պայմանավորված սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:
-«Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի 14-րդ կետը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը, որպես գործարարների խախտված կամ վիճարկվող` օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց, ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:
Միաժամանակ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:
-Այս նախագծով ինչ նորամուծություններ և փոփոխություններ են առաջարկվում:
-Նախատեսվում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծում, որի ղեկավարումն իրականացնում է գործարարների շահերի պաշտպանը:
Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես՝ պաշտպանի գործունեության խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը ` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:
Պաշտպանն ուսումնասիրում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ (եթե դրանց գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա) գործարարների ներկայացրած դիմումները, եթե դրանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են գործարարների շահերը:
Ի տարբերություն ներկայումս գործող մի շարք մարմինների, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության որոշ լիազորություններով, Պաշտպանը, բացի իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրությունից, իրավասու է հարցի ուսումնասիրություն սկսել նաև սեփական նախաձեռնությամբ:
Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Մարմնի աշխատակազմում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ՝ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ:
Պաշտպանին դիմումներ կարող են տրվել այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ դիմումատուն իմացել է կամ կարող էր իմանալ իր շահերի խախտման մասին:
Բացի այդ, Պաշտպանի գործունեության առանձնահատկություններից է գործարարների խնդիրների արձագանքման օպերատիվությունը: Մասնավորապես, Պաշտպանը կարող է դիմումների ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ տալ 5-օրյա ժամկետում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքում հիմնավորում է խախտումով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, և Պաշտպանը գտնում է, որ դիմումը 5-օրյա ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմումատուի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:
-Ներկայումս գործարարների շահերը ինչպես են պաշտպանվում և ինչ խոչընդոտների առջև են նրանք կանգնում:
-Գործարարների շահերի պաշտպանության գործող մեխանիզմների վերաբերյալ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ մեխանիզմներ ,ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:
-Ինչ ակնկալիքներ կան, եթե սույն նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից:
- Օրենքի նախագծի ընդունման հետ կապված ակնկալիքների վերաբերյալ հայտնում եմ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախագիծը դեռևս գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, ուստի, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում լրամշակվածը պարունակի վերոնշյալ կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:
Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի