Դամասկոսի Ազգային թանգարանն այցելուների համար բացվել է Արեւելյան Գուտա մերձքաղաքային շրջանում ապաէսկալացման գոտու ստեղծումից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է թանգարանի փոխտնօրեն Ջեխա Օբուկախլյան: Նա նշել է, որ թանգարանը մի քանի տարի փակ էր պատերազմի պատճառով, եւ աշխատակիցներն զգուշանում էին, որ զինյալները այցելուների տեսքով կհափշտակեն պատմական արժեքներն ու ցուցանմուշները: Նույնիսկ գնդակոծումների ընթացքում, երբ համալիրը փակ էր, թանգարանի աշխատողները չէին լքում այն եւ հերթապահում էին խմբերով, թաքցնում այն ցուցանմուշները, որոնք կարելի էր թաքցնել: Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ պատերազմի սկսվելուց հետո թանգարան սկսել են ցուցանմուշներ բերել երկրի այլ շրջաններից՝ Իդլիբից, Հալեպից, Դեյր Զորից, Պալմիրայից:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք հասցրեցինք պատմական այդ գտածոները դուրս բերել Պալմիրայից, քանի դեռ դրանք չէին հափշտակել զինյալները: Դա կորուստ կլիներ ամբողջ աշխարհի համար»,-պարզաբանել է թանգարանի աշխատակից Հալդոն Էսայեդը:
Նա նաեւ հայտնել է, որ թանգարանում հարմար պահի են սպասում, որպեսզի խաղաղ բնակիչների համար բացեն Սիրիայի տարբեր քաղաքներից փրկված պատմական արժեքների ընդգրկուն ցուցահանդեսը: Էսայեդի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, քանի որ Արեւելյան Գուտայի ապաէսկալացման գոտում իրադրությունը կայունացել է, եւ զինված ընդդիմության զինյալները դադարեցրել են քաղաքի գնդակոծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: