Պատմական Հայաստանի տարածքի հայկական եկեղեցիները վերականգնման կարիք ունեն, սակայն վերանորոգվում են միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում ընդգրկվածները: Մյուսներն անմխիթար վիճակում են: Թուրքերը և քրդերը քանդել են հայկական գրեթե բոլոր եկեղեցիների հիմքերը՝ ոսկի փնտրելու նպատակով:
Օգոստոսի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը պատմական Հայաստան կատարած ուխտագնացության արդյունքներն ամփոփեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Հայկական եկեղեցիներն այնտեղ հիմնականում անմխիթար վիճակում են: Կան նաև շատ ջարդված խաչքարեր: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրով նախատեսված եկեղեցիները ստիպված վերականգնում են: Օրինակ՝ մենք նկատեցինք, որ ծրագրում ընդգրկված Անիի Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման համար արդեն քարեր էին բերվել: Որոշակիորեն վերականգնվել էր նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին, սակայն թուրքական և հայկական ոճերը միախառվել էին»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ որոշ եկեղեցիների տարածքներ անասունների արոտավայրեր էին դարձրել: Վարագավանքի եկեղեցին կիսաքանդ վիճակում էր, իսկ Սուրբ Հովհաննես Կարապետը՝ լքված:
«2015-ին Վանի քաղաքապետը խոստացավ վերականգնել հայկական հուշարձանները, սակայն Թուրքիա վերադառնալուն պես նրան ձերբակալեցին, և ծրագիրն այդպես էլ չիրականացվեց: Ներկայում մեր գլխավոր խնդիրը ճարտարապետական հուշարձանների վերականգնումն է»,-եզրափակեց Մինասյանը: