«Հայաստանի համար ստեղծված է աննախադեպ հնարավորություն Արցախի հարցում ընթացող բանակցություններում շատ լուրջ առաջընթաց գրանցելու համար: Հիմա ողջ արևմուտքը Ռուսաստանին ընկալում է որպես պատերազմ սնուցող երկիր: Դրա ապացույցը միջազգային հանրության խիստ բացասական վերաբերմունքն է ՌԴ-ի նկատմամբ, ուստի, հիմա մեզ համար սա շատ հարմար առիթ է միջազգային հանրության օժանդակությամբ բանակցություններում լուրջ առաջընթաց գրանցելու համար», -այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ալիևին հասկացնելու ճիշտ ժամանակն է, որ Արցախում ադրբեջանական իշխանություն չի կարող լինել և սա կարող ենք անել միջազգային հանրության շատ կոշտ ճնշումների շնորհիվ: Ռուբեն Մեհրաբյանը հատուկ ընդգծեց Իրանի կոշտ արձագանքը՝ տարածաշրջանում ռազմական ցանկացած գործողության վերսկսման առիթով:
ԼՈւՐԵՐ.com-ը քաղաքագետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանի և Արցախի դիվանագիտության թերացումը չէ այն, որ մինչ օրս Արցախը բանակցությունների սեղան չի վերադառնում և Արցախի ճակատագրի մասին խոսվում է առանց Արցախի. «Ես մշտապես քննադատել եմ մեր կողմից տարվող դիվանագիտությունը, քանի որ՝ այո՛, վաղուց ժամանակն է, որ Արցախը նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ անտրամաբանական է, որ Արցախի մասին է խոոսում՝ առանց նրա: Այստեղ մեծ անելիք ունի նաև Արցախը: Արցախում նույնպես դիվնագիտությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ միջազգային հանրությունը հաշվի նստի իրենց հետ, անի ամեն հնարավորը՝ Արցախի հետ բանակցելու համար»:
Քաղաքագետն այստեղ առանձնացրեց նաև այն քայլերը, որոնք Հայաստանը պետք է չանի՝ շեշտելով Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքը՝ դա համարելով անբավարար՝ շեշտադրելով հատկապես Մինսկի խմբի ռուս համանախագահի ներկայությունը: