Հաճախ կարելի է լսել, ասենք, կառավարության անդամների կողմից հնչող կոչեր՝ ուղղված բնակչությանը՝ ակտիվորեն զբաղվելու գործարարությամբ, տնտեսություն զարգացնելու և այլն: Երբեմն կողքից կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, թե լճացած մթնոլորտի համար թիվ մեկ պատասխանատուն ոչ թե, ասենք, երկրում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու այն կյանքի կոչողներն են, այլ սովորական մարդիկ, ովքեր «ինադ» ընկնելով իրենց շրջապատող աշխարհի հետ՝ մատը մատին չեն տալիս երկիրը ծաղկեցնելու համար:

Պարզվում է՝ ամիսներ առաջ ծագած ու մեծ աղմուկ բարձրացրած Սևանա լճի խեցգետինների խնդիրը դեռևս շարունակում է մնալ անլուծելի. չնայած խեցգետնի որսի արգելքն արդեն հանվել է, սակայն արտահանման հետ կապված խնդիրները դեևս իրենց լուծումը չեն ստացել, ու հիմա այս գործի շնորհիվ հանապազօրյա հացի խնդիր լուծող  բնակիչները կանգնել են փաստի առաջ. ՌԴ արտահանման ճանապարհին մարդիկ բախվում են միանգամայն արհեստական խոչընդոտների՝ ի վիճակի չլինելով ժամանակին կատարել իրենց պարտավորվածությունները. մամուլն այս մասին արդեն հասցրել է բարձրաձայնել: Պարզվում է՝ սահմանի վրա մեքենաները կանգնեցնում են ու հայտարարում, թե խեցգետնի չափսերը չեն համապատասխանում ստանդարտներին, ուստի՝ չեն կարող թույլ տալ արտահանել ապրանքը: Մի խոսքով՝ արվում է հնարավոր  ամեն բան՝ հիասթափություն սերմանելու համար՝ այդպիսով ճանապարհ բացելով այդ բիզնեսի խոշորացման համար: Կարճ ասած՝ հասարակ մարդկանց առջև խոչընդոտներ հարուցելով՝ փորձում են այս ոլորտը ևս իրենցով անել, որպեսզի այս գործով զբաղվող մարդիկ, որոնց թիվն, ի դեպ, բավական զգալի է, լինեն ոչ թե գործոն, այլ գործիք, ինչը միանգամայնորեն բխում է երկրում իշխող բիզնես տրամաբանությունից: Ահա հենց այսպես են երկրում խաթարում բիզնես մթնոլորտն ու հետո էլ պահանջում գյուղացիներից՝ լինել ավելի նախաձեռնող:

Հարց է առաջանում՝ արդյոք իշխանություններին ձեռնտո՞ւ է  այսօր ունենալ երկու ոտքի վրա համարձակորեն կանգնող քաղաքացի, ինքնուրույն մտածելակերպ ունեցող հասարակություն, հասարակություն, որն ի վիճակի է սեփական նախաձեռնողականության շնորհիվ դուրս գալ ճահճից ու դրա հետ մեկտեղ՝ երկիրը նույնպես դուրս բերել խորխորատից: Եթե դատենք, դիցուք, նմանօրինակ դեպքերից ու իրավիճակներից, ապա պետք է արձանագրենք, որ ո՛չ, որևիցե կերպ ձեռնտու չէ, քանի որ այդ պարագայում ընտրություններին 10 000 դրամն այլևս եղանակ չի փոխելու, ձայն բերելն այդքան հեշտ չի լինելու ու կարիք  է զգացվելու շատ ավելի լուրջ կռվանների՝ ապացուցելու սեփական գերազանցությունը հակառակորդ թիմի նկատմամբ. այս ամենին այլ տրամաբանական բացատրություն, համաձայնե՛ք, դժվար է գտնել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ