Արդեն շաբաթներ է, ինչ քաղաքում սարսափելի սանիտարահիգիենիկ միջավայր է ձևավորվել. տպավորություն է` ասես աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»-ը գնացել է ամառային արձակուրդ ու ոչ մի կերպ չի ցանկանում վերադառնալ: Ընդ որում` այս խնդիրն այնքան է սրացել, որ վտանգների մասին սկսել են անգամ ահազանգել առողջապահության բնագավառի մասնագետները. նրանք ահազանգում են, որ այսպես շարունակվելու դեպքում քաղաքում տարվա այս շոգ ժամանակահատվածում մեծ է զանազան վարակների ու մարդու առողջությանը սպառնող ախտերի տարածման վտանգը, ինչի հետ չհամաձայնել, ուղղակի, անհնար է: Չափազանց անմխիթար իրավիճակ է ստեղծվել նաև բազմաբնակարանային բարձրահարկ շենքերում, ուր թերի աղբահանության հետևանքով (առանց չափազանցության 3 շաբաթ է տևում մինչև շենքի աղբն ամբողջությամբ «Սանիթեքը» կբարեհաճի հասցնել ասենք Սովետաշենի աղբանոց) տարածված գարշահոտությունը պարզապես անտանելի է դարձել: Մի խոսքով` իսկական խոլերայի բուն:

Ճիշտ է` «Սանիթեք»-ը հասցրել է  այս իրավիճակին արդարացուներ մոգոնել`պայմանավորելով ստեղծված վիճակը  իր ունեցած տեխնիկայի անսարքություններով,սակայն պարզից էլ պարզ է,որ տեխնիկական անսարքությունը չի կարող ստեղծված իրավիճակի արդարացում համարվել. ընկերությունն ի սկզբանե պարտավոր էր դեռևս գործունեություն ծավալելուց կամ համապատասխան լիցենզիա ստանալուց առաջ հաշվի առնել ու կանխարգելել ապագա բոլոր ռիսկերը:

Այստեղ,սակայն, մի խիստ կարևոր հարց է առաջ գալիս` պետական համապատասխան մարմինների անտարբերության հարցը: Անկասկած է,որ նորմալ երկրում արդեն գրեթե մեկ ամնիս ստեղծված նմանօրինակ խայտառակ վիճակի համար ցանկացած  դեպքում համապատասխան ընկերությանն ինչ-որ պատասխանատվության ենթարկած կլինեին,ինչ-որ կերպ կանհանգստացնեին: Ուստի` հարց է առաջանում` մեր համապատասխան օղակներն այս ամենի մասին ի՞նչ են մտածում,ե՞րբ է այս ամենն այսպես շարունակվելու,ո՞վ է սրա համար պատասխանատվություն կրելու, աղբահանության տեխնիկա՞ն:Եթե այդպես է, ապա միգուցե այդ տեխնիկայի՞ն է պետք է նկատողություն անել կամ տուգանել…

Մնում է ուղղակի հուսալ,որ համապատասխան օղակները մի օր առաջացած խնդրին ուշադրություն կդարձնեն ու հնարավոր կլինի ինչ-որ կերպ «Սանիթեքին» պատասխանատվության կանչել: Հույսը վերջում է մեռնում:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ