Երկրապահ կամավորականների միությունը Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է ուխտագնացությունը Արցախում: Այսօր ուխտագնացները եղան Հադրութում, Ուխտաձորում (Էդդլիու ձորակ) գյուղերում, հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ: Մանվել Գրիգորյանին բոլոր գյուղերում դիմավորեցին աղուհացով և ճանապարհեցին ջերմագին շնորհակալություններով:
Հադրութը գեներալ Գրիգորյանի համար հատկապես հոգեհարազատ է, քանի որ 1988-ից էջմիածնեցի կամավորականների հետ տեղափոխվել են Հադրութի Էդիլվա ձորակ, որտեղից էլ սկսել են ազատագրական պայքարը:
Հադրութ քաղաքում երկրապահ ուխտագնացները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում հադրութեցի քաջորդիների հիշատակին տեղադրված հուշարձանի, երկրապահների կողմից տեղադրված Ջուղայի խաչքարերի մոտ, ապա շարժվեցին Մելիքաշեն, Պլեթանց, Ակնաղբյուր գյուղեր, որտեղ կամավորականներին ընդունեցին մեծ ուրախությամբ, երեխաները ասմունքեցին, երգեցին և պարեցին գեներալ Մանվելի հետ:
Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իրենք պարտավոր են գոնե տարին մեկ անգամ գալ Արցախ, տեսնել մարդիկ ինչպես են, ինչով են զբաղվում, ինչի կարիք ունեն: Այս ուխտագնացությունների նպատակներից մեկն էլ հենց դա է: Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք բարձր են գնահատում գեներալի և երկրապահների ուշադրությունը Հադրութի և Արցախի նկատմամբ: