Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Շամիրամի սպանդի համար հետախուզվող Թելման Քալաշյանի ձերբակալությունից:

Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչեղություն էր ստացել և լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա: Զոհեր ու վիրավորներ կան:

Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան:

Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի: 

Հարուցվեց քրեական գործ: Հայտարարվեց հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետևողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Եվ համակարգված ու հետևողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին:

Թելման Քալաշյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: