ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով վարորդ Հրաչյա Հարությունյանի ազատազրկման կիսաբաց ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով: Հրաչյա Հարությունյանը մինչև պատժի կրման ավարտը կկարողանա առավոտյան 08:00-ին դուրս գալ ՔԿՀ-ից և հսկվող գոտի վերադառնալ երեկոյան 20:00-ին:

Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ անզգուշ հանցագործության համար դատապարտված անձինք  պատիժը կրում են բաց ռեժիմային գոտում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ դատարանը ճանաչել է ՌԴ դատարանի վճիռը, որն ուժի մեջ մտնելուց հետո էլ փոխվել է Հրաչյա Հարությունյանի բանտային ռեժիմը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: