Երևան քաղաքի «Շենգավիթ» ԲԿ-ում օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը, և 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել: