Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախի անկախությունն ինքնանպատակ է դարձել, այն որևէ կարևոր նշանակություն այս պարագայում չունի. «Իրական անկախություն Արցախը չունի, և հիմա ուզում են այդ ոչ էական և որևէ նշանակություն չունեցող, անարժեք անկախություն ասվածի դիմաց զիջել շատ կարևոր հողատարածքներ»:

Վերջինիս խոսքով՝ մեծ ողբերգություն է նաև Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որն անկախացումից ի վեր՝ այդպես էլ որևէ փոփոխության չենթարկվեց. «25 տարի առաջ կար տգետների իշխանություն: Մի իշխանություն, որը շատ բաներից չէր հասկանում և կարծում էր, որ պետություն ղեկավարելը միայն ձեռք սեղմելն ու կոստյում հագնելն է: Բայց 25 տարի անց էլ փաստորեն առաջընթաց չկա. սարսափելի է, երբ Արցախյան հիմնախնդրի շուրջ որևէ դրական տեղաշարժ չի գրանցվում: Ինչպե՞ս կարող ենք անընդհատ հող տալ և ցանկանալ լավ ապրել: Այդպես ուղղակի չի լինում: Կա հստակ տեսություն, երբ պետությունը կարողանում է պահպանել իր բարեկեցությունը, սակայն դրանից ՀՀ-ն չի օգտվում»,-այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ կա հստակ տեսություն, որով պետությունները կարողանում են պահպանել իրենց բարեկեցությունը, սակայն դրանից Հայաստանը չի օգտվում: 

Քաղաքագետն անընդունելի է համարում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, որով փորձ է արվում ամեն գնով Արցախյան հարցը լուծել. «Ինչո՞ւ է Հայաստանն ուզում Արցախյան խնդիրը լուծել, դա մեր խնդիրը չէ, մենք դա վաղուց լուծել ենք: Հիմա մենք մեզ դրել ենք մի իրավիճակի մեջ, որ ստիպված ենք գնալ զիջումների՝ անընդհատ կրկնելով, որ ստատուս քվոն մեզ համար ձեռնտու տարբերակ չէ, մինչդեռ լավ էլ ձեռնտու է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա»:

Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի վարած այս քաղաքականությունը որակեց բլեֆ՝ նշելով, որ բլեֆով մեծ քաղաքականություն չի կարելի վարել. «Մենք չենք կարող տասնյակ տարիներ ինչ-որ գաղափարներ առաջ տանել, փաստաթղթերի տակ ստորագրել և հետո հետ կանգնել դրանցից: Այսպես ուղղակի հնարավոր չէ»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Հոգլանդի վերջին հայտարարությունը՝ նշելով, որ Հոգլանդի այս հայտարարությունն ի սկզբանե ընդունելի է եղել հայկական կողմից՝ հատուկ ընդգծելով, որ համանախագահ երկրներն ընդամենը միջնորդ երկրներ են, և նրանք երբեք չեն կարող դառնալ պարտադրող երկրներ:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանն՝ իսկ ո՞ր երկիրն է Արցախյան հիմնախնդրում պարտադրող երկիրը, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Թուրքիան և Ադրբեջանն  են միակ պարտադրող երկրներն այս հարցում, և Հայաստանը խաղում է Ադրբեջանի խաղը»:

Աղավնի Սուքիասյան