Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Անկախության օրվա տոնակատարություններին: Ընթացիկ այցին առանձնահատկություն է հաղորդում այն, որ Սարգսյանն Արցախ է մեկնում բավական վաղ: Արցախի Անկախության օրը սեպտեմբերի 2-ն է, Սերժ Սարգսյանը մեկնում է օգոստոսի 30-ին: Փաստացի, նա Արցախում կմնա նվազագույնը չորս օր: Սա նախագահի յուրօրինակ մեսիջն է, որը նա հղում է շաբաթներ առաջ Արցախ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին, որի այցը ներքաղաքական շրջանակներում դիտարկվեց իբրև ռազմա-քաղաքական ուղերձ Սերժ Սարգսյանին: Բնականաբար, Սարգսյանն իր հերթին՝ չէր կարող դա անպատասխան թողնել, քանի որ անվտանգության ոլորտը և Արցախը մշտապես համարվել է Սերժ Սարգսյանի մենաշնորհը: Նախագահը ցանկանում է ցույց տալ, որ հեշտությամբ չի զիջելու Կարեն Կարապետյանին՝ առնվազն այս հարցում:
 
Կարապետյանը բավական աշխույժ է տնտեսական, կառավարչական հարցերում, հայտարարել է անգամ «արտակարգ դրության» աշխատանքային ռեժիմ, բայց հանրությանը եւ աշխարհաքաղաքական կենտրոններին ծանոթ չէ Արցախի խնդրի վերաբերյալ՝ նրա հայեցակարգային որեւէ պատկերացում: Մինչդեռ, վարչապետը 2018 թվականի ապրիլից հանդիսանալու է Հայաստանի առաջին դեմքը, հետեւաբար, նրա ուսերին է լինելու նաեւ Արցախի հարցում քաղաքականությունը, հարկ եղած դեպքում՝ բանակցությունը համանախագահների եւ Ադրբեջանի առաջին դեմքի հետ: Շաբաթներ առաջ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնս իրականացնել անվտանգության դոկտրինը: «Անվտանգության դոկտրինի» մատնանշումը պատահական չէ: Այս արտահայտությունը ՀՀԿ-ն դարձրել է իր քաղաքական գործունեության դրոշակը եւ իշխանության բոլոր գործողությունները պատճառաբանում է դրանով (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը): Այսօր համակարգում կամ դրանից դուրս՝ չկա որևէ գործիչ, ով ունենա Սերժ Սարգսյանի «ղարաբաղյան կենսագրությունը» կամ կարողանա ԼՂ կարգավորման և անվտանգության հարցերում այնպիսի այլընտրանքային մոտեցումներ առաջարկել, որոնք նրա իշխանությունը կլեգիտիմացնեն միջազգային հանրության և մեր հասարակության աչքին: Հենց այս կոնտեքստում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման արհեստական է, որովհետև ԼՂ և անվտանգության հարցերում Կարեն Կարապետյանի դիրքորոշումներին ծանոթ չէ անգամ հանրությունը: Դուրս մնալով քաղաքական էլիտայի կողմից գծված անվտանգության հայեցակարգից, Կարեն Կարապետյանն այժմ փորձում է լրացնել այդ բացը: Ակնհայտ է, որ մինչև 2018 թվականը Կարեն Կարապետյանը ամեն ինչ անելու է Արցախյան հարցում սեփական օրակարգը հանրությանը ներկայացնելու համար: Իսկ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը դառնում է նրան այդ օրակարգից զրկելը:
 
Ստելլա Խաչատրյան