Կեցցեն Արցախի անկախությունը կերտողները: Ահա այսպիսի պաստառների կարելի էր հանդիպել Արցախի տարբեր շրջաններում սեպտեմբերի 2-ին, քանի որ հենց այդ օրը Արցախը հռչակվեց որպես պետություն: Ստեփանակերտում տոնական միջոցառումները բավական մարդաշատ էին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Երկրապահ կամավորականների միությունը, գեներալ Մանվել Գրիգորյանի անունից ևս ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ, ապա՝ Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկադրում:
Պաշտոնական միջոցառումներն ավարտվեցին երեկոյան ընդունելությամբ և Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգով, որին ներկա էին հազարավոր հայեր տարբեր տեղերից՝ Հայաստանից, Սփյուռքից: