Սեպտեմբերի 1-ինպագա ոստիկաններն ու իրավաբանները ոստիկանության կրթահամալիրում դիմավորում էին նոր ուսումնական տարին՝ պատրաստվելով շարունակել ոստիկանության գնդապետ, երջանկահիշատակ Վարդան Պետրոսյանի ճանապարհը։

 


Օրվա խորհրդի առթիվ անցկացվեց գրքի շնորհանդես, որի հեղինակըոստիկանության փոխգնդապետ, կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԿ և կրիմինալիստական ամբիոնի դոցենտ Բենիամին Ալեքսանյանն է։ Գիրքը կրում է «Բանավոր պատկերի կազմման մեթոդիկան» խորագիրը և նվիրված է կրիմինալիստիկական տեխնիկայի բնագավառներից մեկի՝ արտաքին հատկանիշներով անձի կրիմինալիստիկական նույնացման տեսական և գործնական խնդիրների ուսումնասիրությանը: Հեղինակի խոսքով այն այդքան էլ սեղանի գիրք չէ, ավելի շատ ունի գործնական նշանակություն և օգտագործվելու է հիմնականում ոստիկանության աշխատակիցների կողմից:

 


«Այս գիրքը նվիրել եմ Վարդան Պետրոսյանին, որովհետև ուզում եմ բոլոր մարդկանց հիշեցնել ու ցույց տալ, որ ունեցել ենք գործին իսկապես նվիրված մարդ։ Վարդանի հետ մեր կապը շատ սերտ է եղել։ Մենք միասին աշխատել ենք, իսկ այդ հիշողությունները չէին կարող ուղղակիորեն անհետանալ»,- պատմում էր Բենիամին Ալեքսանյանը։ Նա նշում էր նաև, որ ուսումնական այդպիսի ձեռնարկի ստեղծման շարժառիթը ոլորտում տարատեսակ մեկնաբանություններն էին։ Ուստի կարևոր էր ունենալ նմանատիպ հավաքական աշխատանք։

 


Միջոցառմանը ներկա էին նաև Վարդան Պետրոսյանի ընտանիքի անդամները: Վերջինիս որդին, ով նույնպես կրթահամալիրի շրջանավարտ էր,իր շնորհակալական խոսքն ուղղեց ոստիկանության կրթահամալիրի պետին ու ողջ անձնակազմին՝ խոստովանելով, որ ժամանակն իրոք մոռացության չի մատնել իր ծնողին, ով մարդկանց հետ շփվելու բացառիկ տաղանդ ուներ, քանի որ կարողանում էր հոգեբանորեն զգալ դիմացինի տրամադրությունը:

 


Սեպտեմբերմեկյան ողջույնի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց«Թովմասյան» բարեգործական ֆոնդին և հատկապես Արտակ Թովմասյանին՝ ուսումնագործնական ձեռնարկի տպագրման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար: Գեներալ-լեյտենանտն ընդգծեց, որ վաղվա օրը կրթված ու մասնագիտական գիտելիքներով հարուստ ոստիկանինն է․«Առաջին կուրսեցիներին գլխավորապես ուզում եմ մաղթել շարունակաբար սովորել, որովհետև, չնայած շատերին ենք այստեղ պատրաստում որպես ոստիկան ու իրավաբան, սակայն միայն ամենախելացիներն ու ուժեղները կարող են կյանքում որևէ բանի հասնել»։

 

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի