Սեպտեմբերի 4-ին ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախությանը նվիրված խորհրդաժողով է անցկացրել «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խորհրդաժողովի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Արցախում ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ՝ այս տարիների ընթացքում որևէ առաջընթաց չենք ունեցել, սակայն հիմա ժամանակն է նման քաղաքականությունն առաջ տանելու. «Մենք ազատագրված տարածքների հարցում մնացել ենք սկզբնական տարբերակի վրա: Մենք կարծում ենք, որ ժամանակն է համազգային ուժերը մոբիլիզացնել՝ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար»:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, անդրադառնալով ազատագրված տարածքները վերաբնակեցնլու վերաբերյալ Հրանտ Մարգարյանի դիրքորոշմանը, նշեց.
«Մենք՝ ադրբեջանահայերս, ՀՅԴ-ի հետ մշատպես ակտիվ աշխատանքներ ենք տարել, քննարկել ենք ազատագրված տարածքները վերաբնակեցնելու վերաբերյալ տարատեսակ հարցեր, սակայն պարզվում է՝ իրենք համաժողով են անում, նման մտքեր են արտահայտում՝ այդ համաժողովին չհրավիրելով Հայաստանում ադրբեջանահայերի ներկայացուցիչներին: Հետաքրքիր է՝ էդ ո՞ւմ եք ուզում վերաբնակեցնել ազատագրված տարածքներում, ինչո՞ւ մեր այդ ազգային-հայրենասիրական դիրքերում գտնվող Դաշնակցությունը չի հիշել մեր համայնքի ներկայացուցիչներին: Մինչդեռ երբ խոսում են ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, առաջինը հենց մեզ պետք է հարցնեն, մեզ հետ քննարկեն, չէ՞ որ մենք՝ ադրբեջանահայերս, Հայաստանի ձեռքի միակ ռեալ հաղթաթուղթն ենք»:
Այվազյանը Հայաստանում ապրող ադրբեջանահայերին համարելով Արցախի և Հայաստանի միակ հաղթաթուղթը՝ շեշտեց, որ հենց այս համայնքը կարող է ապացուցել, որ ադրբեջանցիների հետ հայերն ուղղակի ապրել չեն կարող. «Սեփական խաղաղ քաղաքացիներին Ադրբեջանում հայ լինելու պատճառով կոտորեցին՝ սա է հաղթաթուղթը, սա պետք է լինի բանակցային գործընթացի կենտրոնում՝ ցույց տալով, որ իրար հետ նույն տարածքում հայերն ու ադրբեջանցիներն ապրել՝ ուղղակի չեն կարող»:
Վերջում ադրբեջանագետը նաև նշեց, որ նման հարցերի քննարկումներն առանց այս համայնքի՝ հնարավոր չէ կազմակերպել, մյուս կողմից՝ Հայաստանում չկան ադրբեջանագետներ, ովքեր այս ուղղությամբ ակտիվ աշխատանք կտանեն, մինչդեռ, եթե լիներ ադրբեջանագետների համակարգված աշխատանք, և մեր երկրում գործեին գիտավերլուծական կենտրոններ, հնարավոր կլիներ հրաժարվել կործանարար Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերից՝ փոխելով բանակցությունների հունը՝ ի օգուտ հայկական կողմի: