Երեկ ահազանգ ստացվեց այն մասին, որ Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ։ Ըստ Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի՝ Ախուրյանի ջրամբարից ջրի բացթողնման հարցերը կարգավորում է դեռ խորհրդային տարիներից ձևավորված միջպետական աշխատանքային հանձնաժողովը, որը համակարգում է Հայաստանի և Թուրքիայի՝ Ախուրյանի ջրամբարից ջրի օգտագործման համատեղ միջոցառումները: Ցավոք, այդ հանձնաժողովում Բնապահպանության նախարարությունը ներկայացուցիչ չունի:

Դժվար է անգամ կռահել, թե այսքան ժամանակ ինչով էր զբաղվում Բնապահպանության նախարարությունը, եթե անգամ մտքների ծայրով էլ չի անցել, որ նման կարևոր հանձնաժողովում ներկայացված լինելը ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր: Սա ընդամենը մեկն է նախարարության անպատասխանատու և անփույթ աշխատանքի հետևանքներից՝ պարզապես՝ անչափ ցավալի հետևանքը: Փաստորեն, նախարարությունը, որը կոչված է բնությունը պահպանել, մինչ օրս ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ: Արծվիկ Մինասյանի ՕԳԳ-ն նախարարի պաշտոնում՝ հակադարձ համեմատական է Ախուրյանի ջրամբարում անփութության հետևանքով սատկած ձկների թվին: Ջրային ռեսուրսները պետական սեփականություն են, նշանակում է՝ խնդրի առնչությամբ միմյանց հետ պիտի շփվեն տվյալ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները, անկախ այն բանից, որ մեր երկրները միմյանց համար պատկերավոր ասած՝ գոյություն չունեն: Հանձնաժողովը գործում է, սակայն առանց հայկական կողմի մասնակցության: Եթե Բնապահպանության նախարարությունը ի զորու չէ լուծել այս հարցը,  հարկավոր է փորձել հարեւան պետության հետ երկխոսություն սկսել որեւէ միջազգային բնապահպանական կազմակերպության կամ այլ շահագրգիռ կառույցի միջոցով, ինչպես դա հիմա արվում է Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփա լճի հետ կապված: 

Ստելլա Խաչատրյան