Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է ճնշումներով: Տառացիորեն 2 օր առաջ Հատուկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ս. Մ-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին: Տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Արդյունքը, ցավոք սրտի, մահվան ելքով էր: Բոլորս հիշում ենք նորակոչիկ Ն.Ս-ի դեպքը, որը ցնցեց բոլորին: Նորակոչիկն ունեցել է կիֆոզ կոչվող հիվանդություն, որն արտահայտվում է ողնաշարի լայնակի կորությամբ: Զորակոչիկի զննումն իրականացվել է միայն Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 պոլիկլինիկայում, իսկ զինկոմիսարիատում բավարարվել են պոլիկլինիկայի փոխանցած տվյալներով: Ո՞ւմ հայտնի չէ, թե սպասարկման ինչ մակարդակ ունեն ներկայիս պոլիկլինիկաները, որոնք չեն փայլում ո՛չ անհրաժեշտ մասնագիտական, ոչ էլ տեխնիկական հագեցվածությամբ:
 
Արդյո՞ք այդ տվյալները ճշգրիտ են եղել, իսկ գուցե մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում պարզվեր, որ Ն. Ս-ի ողնաշարի կորությունը ոչ թե 56 աստիճանի է, այլ հատում է վտանգավոր եզրագիծը` անցնելով 61-ը: Հիվանդ երիտասարդը չպետք է զորակոչվի հայկական բանակ: Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի բանակում հիվանդ զինվոր չի՛ կարող լինել. սա ոչ միայն մեր հասարակության պահանջն է, այլեւ Պաշտպանության նախարարի հրահանգը: Ու չնայած դրան, այնուհանդերձ, գրանցվում են հերթական մահվան դեպքերը: Յուրաքանչյուր դեպքում զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն, քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:
 
Մենք կարող ենք որքան ցանկանաք՝ խոսել Ազգ-բանակ հայեցակարգից, կարող ենք որքան ցանկանաք՝ ոլորտը կարգավորող գեղեցիկ գրված օրինագծեր տանել ԱԺ, սակայն քանի դեռ այդչափ կարևոր, առանցքային օղակը աչքի է ընկնում իր ոչ մասնագիտացված մոտեցմամբ, հանցավոր անփութությամբ, կոռուպցիոն բազում ռիսկերով՝ պաշտպանության ոլորտի բարեփոխումները լոկ գեղեցիկ, դեկլարացիոն բնույթ են կրելու: Իսկ որ այս օղակում տարիներ ի վեր կուտակված խնդիրները դեռ լուծման կարոտ են՝ ակնհայտ է...
 
Ստելլա Խաչատրյան