Ադրբեջանի Յասմալի շրջանային դատարանը մերժել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի պաշտպանի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։
Փաստաբան Ֆուադ Աղաեւը հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, հայտնում է contact.az-ը։
Մեհման Ալիեւը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին։ Հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 213.1 (հարկերի վճարումից խուսափում), 308.1 (գործնական պարտականությունների չարաշահում) եւ 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն խոշոր եկամուտի ձեռք բերմամբ) հոդվածների համաձայն։ Դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը մինչև նոյեմբերի 7-ը։ Ալիեւը հերքել է բոլոր մեղադրանքները եւ դրանք քաղաքական հետապնդում է որակել։
Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Ալիեւի ձերբակալությունը եւ կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրան։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին։ Ալիեւի ձերբակալության կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պահպանել մարդու իրավունքների մասով ստանձնած միջազգային պարտավորությունները։