Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուժեղացված վերահսկողություն սահմանել Հայաստանի ջրային ավազաններում և, մասնավորապես, Սևանա լճում, քանի որ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալիորեն նվազել են խեցգետնի պաշարները և չափերը:
Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է Հայաստանում խեցգետնի որսի ոչ պատշաճ վերահսկողությամբ, խեցգետնի որսի համար տրվող թույտվությունների ժամկետների խախտմամբ, ինչպես նաև Հայաստան ներկրվող խեցգետնի որսի համար իրականացվող ցանցերի և այլ որսագործիքների կիրառմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ բացառել խեցգետնի որսի համար տրվող թույլտվությունների երկարաձգումը, երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության նոր չափանիշներ ու ոլորտը կարգավորող այլ առաջարկներ:
Վարչապետը նշեց, որ խեցգետնի որսը թերի է կանոնակարգվում, ուստի՝ անհրաժեշտ է ուժեղացնել վերհսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ քանի որ այն ոլորտը, որը համարվել է հեռանկարային, վտանգված է և գտնվում է ճգնաժամային վիճակում. «Շատ շտա՛պ պետք է միջոցներ ձեռք առնել պարոն Մինասյան»,-Բնապահպանության նախարարին կոչ արեց վարչապետը: