Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Վաղը Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև: Մոսկվան տարբեր արհեստական հարթակներ է ստեղծում Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանեցնելու նպատակով: Ակնհայտ է, որ հեռու գնացող հետեւություններ անելն ու հակամարտության լուծման հարցում առաջխաղացման մասին խոսելն ավելորդ է: Նույնիսկ, եթե վաղը նախագահների մակարդակով հանդիպում լիներ, դա չէր նշանակի, որ հակամարտության լուծման առումով լուրջ առաջխաղացումներ կարող են տեղի ունենալ, որովհետեւ կողմերի մոտեցումներն այնքան իրարամերժ են, այնքան իրար հակասող, նույնիսկ բոլոր դրական պայմանների դեպքում դժվար է սպասել, որ մոտակա տարիների, եթե ոչ տասնամյակների ընթացքում կունենանք լուրջ առաջխաղացում:
 
Կարո՞ղ էին արդյոք հոգեւոր առաջնորդների ջանքերն առավել մեծ արդյունավետությամբ պսակվել: Իհարկե, կարող էին, եթե չլինեին որոշ «եթե»-ներ: Այդպիսի «եթե»-ներից մեկը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի, լավագույն դեպքում, տարակուսանք առաջացնող հակասական պահվածքն է որոշ դեպքերում, ինչը, մեղմ ասած, չի համընկնում նրա խաղաղարար գործունեության հետ: Բավական է թերեւս միայն հիշել տարբեր առիթներով Փաշազադեի կողմից հնչեցրած հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունները. «Ես պատրաստ եմ ջիհադ հայտարարել Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար», «Լեռնային Ղարաբաղը մեր հողն է, եւ մենք այնտեղ կվերադառնանք»,  «Սուտն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են: Նրանք նստում էին մեր սեղանի շուրջը եւ ուտում մեր հացը, սակայն փողոց դուրս գալով` խոսում էին մեր դեմ»: Նման հայտարարությունների ֆոնին՝ երեւի լիովին հասկանալի է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդից գործնական քայլեր չձեռնարկելն ընդդեմ իր երկրում տիրող այլատյացության, վանդալիզմի, ռազմատենչ տրամադրվածությունների եւ այլ երեւույթների, որոնց դեմ պայքարը պիտի որ առանցքային տեղ ունենար հանուն խաղաղության բանակցություններ վարող կրոնապետի գործունեության մեջ:
 
Հայկական կողմը նաև չի հաշվարկել նման հանդիպումների թերևս գլխավոր սպառնալիքը: Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կրոնական հարթություն է տեղափոխում: Պատահական չէ, որ Ալիևը հատուկ նշել է, որ Հայաստանը գրավել է մահմեդական Ադրբեջանի տարածքներ: Սա կրոնական հողի վրա ատելություն հրահրելու փորձ է Հայաստանի դեմ: Արցախյան հիմնախնդիրը, փաստորեն, Ադրբեջանի համար ոչ թե տարածքային խնդիր է, այլ միաժամանակ կրոնական խնդիր: Ադրբեջանը փորձում է կրոնական հարցը դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքը: Թերևս կրոնական առաջնորդների մակարդակով նման հարցի քննարկումը ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի գծած սցենարի մեջ: Դրանով հայկական կողմը որևէ դիվիդենտ ձեռք չի բերելու, ավելին՝ ջուր է լցնելու Բաքվի ջրաղացին…
 
Ստելլա Խաչատրյան