«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է և որի նպատակը գյումրեցիներին անօթևանության ճիրաններից փրկելն է, ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդես գալով «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» նախաձեռնությամբ, դիմել էր ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքել էին կոալիցիոն երկու գործընկերները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Վերջերս ՀՀԿ-ն կատարեց իր խոստումը․ գրեթե երկու առանձնատան հարց լուծեց գյումրեցի երկու անօթևան ընտանիքի համար։
Իսկ ահա ՀՀԿ կոալիցիոն մյուս գործընկերը՝ ՀՅԴ-ն , որն ի դեպ ստանձնել է Շիրակի մարզի կառավարումը, հետևաբար նաև պատասխանատվությունը մարզի սոցիալ-տնտեսական վիճակի համար կարծես թե շատ կարճ հիշողություն ունի, կամ էլ չի պատրաստվում մանրանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են օրինակ՝ մի քանի անօթևան ընտանիքներին կացարանով ապահովելը: Դե իհարկե, ՀՅԴ–ը չես մեղադրի, մարդիկ լուծել են իրենց մեգա խնդիրը՝ անցել են խորհրդարան և նույնիսկ մի քանի պորտֆելներ են հաջողացրել կորզել, իսկ նախընտրական խոստումների մասին կարելի է և մոռանալ, քանի որ հաջորդ ընտրություններում էլ ՀՅԴ հույսը ոչ թե շարքային ընտրողի քվեն է լինելու, այլ կոալիցիոն գործընկերոջ բարի կամքի դրսևորումը: Եթե Դաշնակցությունը այս տրամաբանությամբ չի առաջնորդվում, ապա որևէ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու այն ուժը, որը նախընտրական շրջանում խոստումներ էր շռայլում , այսօր ունենալով դրանք ի կատար ածելու վարչական, քաղաքական, ֆինանսական լծակները որդեգրում է «ոչ տեսել ենք, ոչ լսել ենք» կեցվածքը: Սա ոչ թե սիրուն չէ, քանի որ սիրունությունը քաղաքական կատեգորիա չէ, այլ սա մեծագույն արհամարհանք է սեփական ընտրողի և ՀՀ քաղաքացու հանդեպ:
Ստելլա Խաչատրյան