Wall Street Journal-ը անդրադարձել է Apple ընկերության նորագույն սմարթֆոնի՝ iPhone 8-ի տեխնիկական խնդիրներին, որի պատճառով սմարթֆոնի զանգվածային արտադրությունը հետաձգվելու է մեկ ամսով: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը:
Տեխնիկական թերությունների պատճառով Apple ընկերությունը մեկ ամսով հետաձգել է իր բրենդային սմարթֆոնի երկար սպասված նորագույն մոդելի զանգվածային արտադրությունը:
Սեպտեմբերի 8-ի երեկոյան, Apple ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է գրանցել iPhone 8-ի տեխնիկական թերությունների մասին Wall Street Journal- ի հրապարակած հոդվածից հետո:
Թեև Apple-ի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է սեպետմբերի 12-ին, iphone-ի 10-րդ տարեդարձի առթիվ, Wall Street Journal-ի հոդվածը, անդրադառնալով iPhone 8-ի առաքման հետ կապված ուշացումներին և տեխնիկական խնդիրներին, մեծ հիասթափություն է առաջացրել բազմաթիվ գնորդների և երկրպագուների մոտ:
Վերլուծաբանները գտնում են, որ այս աղմուկը չի կարող ազդել iPhone 8-ի վաճառքի վրա՝ մատնանշելով, որ տեխնիկական թերությունների մասին լուրերի հրապարակումը նախքան հանրահայտ սմարթֆոնի նոր մոդելի զանգվածային արտադրության մեկնարկը, ինչպես և անցյալում, սովորական երևույթ է:
Ըստ կանխատեսումների՝ Apple-ի նորագույն սմարթֆոնի ամենակարևոր առանձնահատկությունը OLED տեխնոլոգիայով պատրաստված touch screen tech էկրանն է, ինչպես նաև՝ անլար լիցքավորելու հնարավորությունն ու շուկայական գինը: