ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն, անդրադառանալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը, որ այսօրվա և 2018-ի վարչապետի ֆունկցիաները տարբեր են լինելու և այսօրվա վարչապետը չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, անվտանգությանն առնչվող որևէ ֆունկցիա, ինչը պետք է լինելու 2018-ին ընտրվող վարչապետի թեկնածուին, նշեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Հանրապետական կուսակցությունում բացի Սերժ Սարգսյանից, որևէ այլ մարդ չկա, ով կարող մեր անվտանգության երաշխավորողը դառնալ: Հենց թեկուզ վերցնենք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Ո՞վ է ասել, որ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում նա չի կարող երաշխավոր դառնալ, ո՞վ է ասել, որ մեզ համար այդքան կարևոր անվտանգությունը չի կարող ապահովել հենց գործող վարչապետը»:

Քաղաքագետի խոսքով՝ երբ վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր, որ ցանկություն ունի 2018-ից հետո էլ լինել երկրի վարչապետ, նշանակում է, որ նա այդ հայտն արդեն ներկայացրել է, ինչը, չգիտես ինչու, անընդունելի և անհասականալի է ՀՀԿ-ում. «Որևէ երկրում, որտեղ կա Սահմանադրություն, չի կարող հավերժ իշխել մի կուսակցություն, ՀՀԿ-ն հավերժ չէ, զարմանալի է, մի՞թե ՀՀԿ-ում չկան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանից որևէ բանով պակաս չեն»

Սերգեյ Շաքարյանցը նաև անդրադարձավ ՀՀԿ-ում տիրող ներկուսակցական խմորումներին՝ հատկապես շեշտելով, որ արդեն տևական ժամանակ է՝ այդ կուսակցությունում կան ներքին հակասություններ՝ հատկապես ՀՀԿ երիտթևի առավել տարիքավոր ՀՀԿ-ականների միջև, ինչև ևս փաստում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հայտը ոչ միանշանակ է ընդունվելու հարազատ կուսակիցների կողմից:

Հիշեցնենք, որ  այսօր,  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հարցին ի պատասխան՝ ո՞վ է լինելու երկրի վարչապետը 2018 թվականին, նշել էր. «Ժամանակը կգա, կքննարկենք»։