ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի Ազգայի ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ:
Շարմազանովը վերջինիս գրառումը որակեց անգրագիտություն. «Պարոն Բագրատյանը կամ որոշել է օրիգինալ երևալ, կամ պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հայ առաքելական եկեղեցուն: Ես նրան համարում եմ տնտեսագետ, բայց քանի որ նա պատմական նյութերից է խոսում և տարբեր մեկնաբանություններ է անում, պետք է ասեմ, որ այստեղ նախ ընկալման խնդիր է»,-ասաց նա։
Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու զավակ է և գտնում է, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ուղին Հայ առաքելական եկեղեցով է, որը հավատամք է և կապ չունի քաղաքական դիրքորոշման հետ:
Անդրադառնալով Բագրատյանի խոսքին, թե Հայ եկեղեցին կամավոր երկու անգամ կործանել է տվել հայոց պետությունը, Շարմազանովն ասաց, որ 428 թվականին, եթե հայ իշխանների հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որն ամեն ինչ արել է, որ պետությունը պահպանվի և դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը։
Նա ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի հետ միասին միշտ պայքարել է, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։
«428-ից 652 թվականներին որևէ արտաքին սպառնալիք չունենալով՝ մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին և՛ եղել է հայ ընտանիքի, հայ հավատքի կրող, և՛ փոխարինել է հայ պետությանը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի, կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության և եկեղեցու միջև, չի ստացվի։ Եկեղեցին որևէ կապ չունի մեր պետության կործանման հետ», - ասաց նա: