Սեպտեմբերի 14-ին Երևանում գրանցվեց  քրեական «վենդետայի» հերթական դեպքը՝ հրազենի գործադրմամբ: Նմապատիպ միջադեպերը սովորական են դարձել հայաստանյան կյանքում: Սա դարձել է օբյեկտիվ իրականություն, սակայն ներկա իրավիճակը մյուս բոլոր նախորդներից տարբերվում է մեկ օբյեկտիվ հանգամանքով՝ Հայաստանի առաջ ծառացել է լինել-չլինելու հարցն, ինչը նշանակում է, որ ցանկացած ներքին ցնցում կարող է ճակատագրական լինել երկրի համար: Այլ կերպ ասած՝ Հայաստանը չունի իրեն ապակառուցողական «շքեղություններ» թույլ տալու ռեսուրս: Հայաստանում սպանությունները չեն ավելացել, ավելացել է անպատժելիության զգացումը: Հայաստանը Սիցիլիա չէ եւ ոչ էլ Պաբլո Էսկոբարի Կոլումբիան: Հայաստանում իշխանության աչքը հանող մեկ «հանցանք» կա, որից «ճառագող» պատիժն անխուսափելի է՝ իշխանության ձգտումը:

Մնացած բոլոր հանցագործությունները, մի տեսակ՝ անպատժելիությամբ լիցենզավորված մեղքեր են: Հոգեբանության մեջ Հայաստանի իրականությունը կոչվում է Արմագեդոնի սինդրոմ: Դա վերջին օրվա զգացողությամբ ապրողի սինդրոմն է, երբ քեզ թույլ ես տալիս ամեն ինչ, երբ գլխավոր խնդիրդ ջրի երեսին մնալն է, երբ հարազատներ ու հայրենակիցներ չկան, երբ մարդը մարդու հանդեպ գայլ է: Իշխանություններն այն աստիճան են իջեցրել ժողովրդի բարոյահոգեբանական և սոցիալական վիճակը, մարդկանց հասցրել եզրագծին, որ գրեթե յուրաքանչյուր օր ականատես ենք լինում հերթական սպանությանը, վենդետաների կամ աղետների: Օրը ցերեկով հանրապետության սրտում մարդ սպանելու փաստը որևէ մեկին չի զարմացնում՝ և դա մտահոգվելու առիթ է:
 
Այն, որ Հայաստանը վերջնականապես դարձել է կրիմինալ երկիր, բոլորն են հասկանում. պարզապես քչերն են համարձակվում այդ թեմայի մեջ «խորանալ», որովհետեւ նախ՝ անվտանգ չէ, երկրորդ՝ «խորանալու» դեպքում բացահայտված պատկերը չափազանց ահավոր կլինի: Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպիսի՞ն է արտաքին աշխարհի վերաբերմունքը: Արտաքին աշխարհն, իհարկե, տեսնում է այս ամենը, եւ, դատելով ամեն ինչից, սկսում է բարկանալ: Դա ապացուցելու համար ընդամենը մի քանի փաստ ներկայացնենք: Միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի ունեցան հետեւյալ իրադարձությունները. ԱՄՆ-ում բացահայտվեց հանցավոր մի խմբավորում եւ «լայնորեն գովազդվեց» դրա ազգային պատկանելությունը, Հայաստանը մեղադրվեց միջազգային նարկոթրաֆիքինգի մեջ, բացահայտվեց «ուրանի գործը», Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, թե իրենց երկրի տարածքում հանցագործությունների թվով առաջինը հայերն են եւ այլն: Այսինքն՝ արտաքին աշխարհը լավ էլ գիտի, որ Հայաստանում հասարակությունը պարտվել է, եւ հաղթողը կրիմինալն է: Բայց դա, մեծ հաշվով, նրանց խնդիրը չէ. նրանք շատ լավ լեզու կգտնեն նաեւ կրիմինալի հետ: Դա մե՛ր հասարակության խնդիրն է: Եվ այդ խնդրի լուծումն առայժմ չի երեւում: Հայաստանը կամաց-կամաց դառնում է իսկական Սիցիլիա…
 
 
Ստելլա Խաչատրյան