Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները հիմնականում ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավարձերի վճարմանը եւ կոնկրետ ծրագրերի լուծմանը:
Lրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «ՏՏ ոլորտում տնտեսության աճը կազմել է 30 տոկոսից ավելի»,-ասաց նա: Անդրադառնալով կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթղթին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այն արդեն պատրաստ է, եւ քննարկվել է բոլոր պետական կառույցների հետ: «Շուտով այն կներկայացվի անվտանգության խորհուրդ, ապա կհրապարակվի»-ասաց նա՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանն այսօր պատրաստ է ըստ պատշաճի դիմակայելու կիբեռհարձակումներին: Նախարարը նշեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ՏՏ ոլորտում կա մասնագետների արտահոսք: «Դրական կողմն այն է, որ մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր պահանջված են միջազգային խոշորագույն ընկերություններում»,-ասաց նա:
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հավելեց, որ վերջերս բավական հետաքրքիր միտում է նկատվում ՏՏ ոլորտի մասնագետների շրջանում: «Նրանցից շատերը գնում են արտերկիր եւ մի քանի տարի աշխատում բարձր վարձատրվող կազմակերպություններում, ապա վերադառնալով լուծում են Հայաստանում իրենց կենցաղային խնդիրներն ու հաստատվում այստեղ»,- ասաց նա: