Սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի չորս ուղղություններից մեկի՝ արտաքին քաղաքականության 2-րդ թեմատիկ նիստը, որին «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթաց» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը տարօրինակ որակեց ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, որն, ըստ քաղաքագետի, հակասում է Արցախի ԱԳ նախարարի արած հայտարարությանը. «Ինչպես կարող է սփյուռքահայը վստահել մի երկրի, որի Արտաքին գործերի նախարարը նման կարևոր միջոցառաման ժամանակ հայտարարում է, մի բան, ինչը բացառել էր վայրկյաններ առաջ Արցախի ԱԳ նախարարը: Մասնավորապես, Արցախի ԱԳ նախարարը հայտարարում է, որ իրենք դեմ են տարածքների հանձնմանը,  Էդվարդ Նալբանդյանը հայտարարարում է, որ իրենք քննարկում են որոշ տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ նշելով, որ դրանք այն տարածքներն են, որոնք չեն վնասում Արցախի անվտանգությանը»:

Քաղաքագետի փոխանցմամբ՝ ամենավտանգավորն այստեղ այն է, որ երկու հանրապետությունների արտգործնախարարները տարբեր  հայտարարություններ են անում, ինչը չի կարող չանհանգստացնել  նաև սփյուռքահայությանը:

Սերգեյ Շաքարյանցը չի կիսում ԱԳ պաշտոնական մեկնաբանություններն այն մասին, որ Արցախի վերաբերյալ տարվող բանակցությունների որոշ հատվածը նաև պետք է պահել գաղտնի՝ շեշտելով, որ  Հայաստան- Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ նման հայտարարություններ անելով, Նալբանդյանը գաղտնազերծեց այդ բանակցությունները:

Քաղաքագետի խոսքով՝ այս հայտարարությունը շատ արագ կտարածվի ադրբեջանական և թուրքական մեդիադաշտում՝ ի վնաս հայկական կողմի, քանի որ տեղեկատվական դաշտում մեր հակառակորդ երկրներն առավել ակտիվ պայքար են տանում:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական RBK-ն անդրադարձել է Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է՝ Ադրբեջանի հետ բանակցում է այն տարածքների վերադարձի վերաբերյալ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար:

Աղավնի Սուքիասյան